Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ազատ է արձակվել, դատարանը մերժել է քննիչի՝ կալանավորման մասին միջնորդությունը

Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ազատ է արձակվել, դատարանը մերժել է քննիչի՝ կալանավորման մասին միջնորդությունը
Իրավունք
13:10, 09 декабрь 2022
Civic.am-ի տեղեկություններով՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ազատ է արձակվել: 

Օրեր առաջ նախկին փոխքաղաքապետը ձերբակալվել էր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում, ըստ որի փոխքաղաքապետը չարաշահել էր իր պաշտոնեական դիրքը։ Քրեական վարույթով ձեռք էր բերվել փաստեր այն մասին, որ  մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «Սանիթեք» ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է ավելի քան 3 մլրդ դրամ։

Կոմիտեից հայտնել էին նաև, որ Վահե Նիկոյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չի կատարել ծառայողական պարտականությունները և հսկողություն չի իրականացրել նշված ընկերությունների կողմից աշխատանքների իրականացման նկատմամբ:

Արդյունքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցելու համար չեն նախատեսվել բավարար քանակի և չափի տրանսպորտային միջոցներ ու աղբամաններ, եղած աղբատար ավտոմեքենաներն էլ աշխատել են գերծանրաբեռնված, ինչը ժամանակի ընթացքում հանգեցրել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակի անկման:

Հակակոռուպցիոն կոմիտեն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, ինչը դատարանը մերժել է:

Վահե Նիկոյանն այդ պաշտոնում աշխատել է 2012-2018թթ․։