Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեյրան Օհանյանը Հակակոռուպցիոն դատարանում է որպես վկա․ ընթանում է «անպիտան հրթիռների» գործով նիստը

Սեյրան Օհանյանը Հակակոռուպցիոն դատարանում է որպես վկա․ ընթանում է «անպիտան հրթիռների» գործով նիստը
Իրավունք
13:51, 20 декабрь 2022
Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է «Անպիտան հրթիռների» գործով դատական նիստը, որով որպես վկա դատարան է հրավիրվել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Այս մասին Civic.am-ին հայտնեց վերջինիս փաստաբան Կարեն Մեժլումյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Սեյրան Օհանյանը եղել է դատարանում, բայց չի հարցաքննվել, և մեկ այլ օր կհրավիրվի դատարան։

Հիշեցնենք, որ նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին,  ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանին, ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

2018 թվականին բանակի համար ձեռքբերված ավելի քան 4 հազար 200 ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հրթիռներն են քրեական գործի հարուցման պատճառ դարձել, հայտնել էին Գլխավոր դատախազությունից: Դատախազությունից հայտնել էին, որ այդ գործարքի հետևանքով առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 4.6 միլիոն դոլարի հափշտակություն է կատարվել։