Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանները մերժել են Մեղրիի համայնքապետին և վերջինիս եղբորը կալանավորելու միջնորդությունները

Դատարանները մերժել են Մեղրիի համայնքապետին և վերջինիս եղբորը կալանավորելու միջնորդությունները
Իրավունք
11:14, 25 апрель 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ քննվել են Մեղրիի համայնքապետի եղբայր Մխիթար Զաքարյանին և վերջինիս եղբորը՝ Մհեր Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ քննչական կոմիտեի միջնորդությունները,գրում է hetq.am-ը։

Մխիթար Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննել է դատավոր Վահե Միսակյանն ու այն մերժել երեկ երեկոյան` հիմնավոր կասկածի բացակայությամբ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մեկ այլ դատավոր՝ Մանվել Շահվերդյանն էլ քննել է Մհեր Զաքարյանի կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, որի վերաբերյալ որոշումը հրապարկվել է այսօր՝ կեսգիշերն անց։
Զաքարյանի պաշտպաններ Միքայել Շխիմյանն ու  Էդգար Թումասյանը հայտնում են, որ իրենց պաշտպանյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը նույնպես մերժվել է՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին և 21-ին եղել է Սյունիքի մարզում, որտեղ այցելել է Շուռնուխ․ Ագարակում, Մեղրի ու Կապան։ Այցի ընթացքում քաղաքացիներն ընդվզել և դժգոհություն են հայտնել, բողոքի ակցիաներ կազմակերպել, վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցրել, ճանապարհ փակել։ Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։

Գորիսում անցկացված խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է,  թե Մեղրիում տեղի ունեցածն օրենքի խախտում էր, և ինքն ակնկալում է, որ իրավապահ մարմինները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։

«Չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակը ստեղծի տպավորություն, այսինքն՝ անկախ տպավորությունից, չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ու ոստիկանապետ Վահե Ղազարյանին հրահանգեց խորհրդակցությանը չմասնակցել, ու զբաղվել այդ հարցերով։

Բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիագանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով։ Գործով մի խումբ անձինք, որոնց թվում՝ Զաքարյան եղբայրները, Սյունիքի մարզի համայնքների այլ ղեկավարներ, տեղակալներ, բողոքի ակցիայի այլ մասնակիցներ բերվել են Քննչական կոմիտե, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու կամ խուլիգանություն կատարելը կազմակերպելու հոդվածներով։

Երեկ երեկոյան մեղադրյալներից մեկը՝ Ագարակի բնակիչ Գևորգ Խաչատրյանը կալանավորվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ։ Խաչատրյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն ակնհայտ ապօրինի է որակել որոշումն ու նշել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այլ դատավորներ նույն փաստական հանգամանքների առկայության դեպքում մերժել են այլ քաղաքացիների կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները։

Նշենք, որ Վարոսյանի մեկ այլ պաշտպանյալի՝ Ագարակի բնակիչ Խաչատուր Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը երեկ քննել և մերժել է դատավոր Վարդան Գրիգորյանը։ Երեկ մերժվել է նաև  մեկ քաղաքացու՝ սյունեցի Գագիկ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Վերջինիս պաշտպաներից Կարինե Խաչատրյանը հայտնում է, որ մերժման վերաբերյալ որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհանիսյանը։