Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը մերժեց Մեղրիի համայնքապետի տեղակալ Արմեն Սամվելյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժեց Մեղրիի համայնքապետի տեղակալ Արմեն Սամվելյանին կալանավորելու միջնորդությունը
Իրավունք
12:52, 25 апрель 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քիչ առաջ մերժեց Մեղրիի համայնքապետի տեղակալ Արմեն Սամվելյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Սամվելյանի պաշտպաններից Օնիկ Առաքելյանը՝ նշելով, որ միջնորդությունը մերժվել է՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։

Սամվելյանը ձերբակալված  է եղել Քրեական օրենսգրքի 38֊258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն, 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում խուլիգանություն կազմակերպելը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով, բացառով ցինիզմով։ Սամվելյանի պաշտպաններ  Առաքելյանը, Լիանա Գասպարյանն ու Արմեն Ֆերոյանը ձերբակալման դեմ բողոք էին ներկայացրել, որը բավարարվել էր դատավոր Ռոբերտ Պապոյանի կողմից, և Սամվելյանն ազատ էր արձակվել։

Քննչական կոմիտեն, սակայն վերը նշված հոդվածներով Սամվելյանին մեղադրանք էր առաջադրել և, քննելով միջնորդությունը, դատարանը, փաստորեն, հանգել է հետևության, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Սամվելյանը կատարել է իրեն վերագրվող արարքը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին և 21-ին եղել է Սյունիքի մարզում, որտեղ այցելել է Շուռնուխ․ Ագարակում, Մեղրի ու Կապան։ Այցի ընթացքում քաղաքացիներն ընդվզել և դժգոհություն են հայտնել, բողոքի ակցիաներ կազմակերպել, վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցրել, ճանապարհ փակել։ Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։

Բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիագանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով։ Գործով մի խումբ անձինք, որոնց թվում՝ ՄԵղրիի համայնքապետի տեղակալը, մեղադրյալի կարգավիճակ ունեն։