Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը դատարանից պահանջում է 25 անձից բռնագանձել 324 գույք ու ավելի քան 57 մլրդ դրամ

Դատախազությունը դատարանից պահանջում է 25 անձից բռնագանձել 324 գույք ու ավելի քան 57 մլրդ դրամ
Իրավունք
13:25, 23 январь 2023
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ուժի մեջ է մտել 2020թ. սեպտեմբերի 3-ին, սակայն մինչ օրս դատարանը որևէ գործով վճիռ դեռ չի կայացրել, մինչդեռ առաջին հայցադիմումը դատարան ներկայացվել է ավելի քան մեկ տարի առաջ՝ 2021թ. դեկտեմբերին, ԱԱԾ նախկին սպա Սերոբ Հարությունյանի դեմ։   

Civic.am-ի տեղեկություններով՝ դատական նիստերը շաբաթը 1 անգամ են կայանում, հետևաբար նման գործերով պետք չէ 1-2 ամսում դատարանի վճիռ ակնկալել, ավելին՝ մի քանի գործերով նույնիսկ դատավորների փոփոխություն է եղել։ Այս պահի դրությամբ դատաքննության փուլում է 25 հայցադիմում, որոնք առնչվում են ոչ միայն նախկին ու ներկա պաշտոնյաներին, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց։ 

Մեր տեղեկություններով՝ այս հայցադիմումներով գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է պատասխանողներից բռնագանձել 57 մլրդ 397 մլն դրամ, ինչպես նաև 324 գույք՝ 47 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։ Նշենք, որ այս թվերի մեջ հաշվարկված չէ իրավաբանական անձանց գույքի արժեքը, որի պարագայում հնարավոր է նշված թիվը եռապատկվի։ 

Հիշեցնենք, որ պատասխանողների շարքում են նաև ՍԴ ներկայիս դատավոր Հրայր Թովմասյանն ու Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն ու իր կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։ Նրանք դատարանում պետք է ապացուցեն, որ գույքը կամ չունի ապօրինի ծագում, կամ իրենք այդ գույքի հետ որևէ առնչություն չունեն։ 

Նշենք, որ գլխավոր դատախազությունը 2020թ. սեպտեմբերից մինչև 2022թ. դեկտեմբերի 30-ը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 356 ուսումնասիրություն է նախաձեռնել, որոնք առնչվում են թե ներկայիս, թե նախկին պաշտոնյաներին, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց։

Նարա Մարտիրոսյան