Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Տոնոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց. Aravot.am

Դավիթ Տոնոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց. Aravot.am
Իրավունք
18:36, 24 январь 2023
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Դավիթ Տոնոյանի միջնորդությունն այսօր կայացած դռնփակ դատական նիստի ընթացքում մերժվել է։

Նա մասնավորապես նշեց․ «Այսօրվա դատական նիստի ավարտին Դավիթ Տոնոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց այն հիմնավորմամբ, որ ինքը երկար ժամանակ է՝ արդեն 1 տարի 4 ամիս, գտնվում է անազատության մեջ, մինչդեռ դատավոր Վահե Դոլմազյանը չի դրսևորում հատուկ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ընթացքը, որը և՛ քրեադատավարական օրենսդրությամբ, և՛ վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրված պահանջ է, առավելապես սուբյեկտիվ պատճառներով դատական նիստերը ձգձգվում են, նշանակված դատական նիստերը սպասվածից շատ ավելի կարճատև են լինում՝ պատճառաբանելով դատարանի ծանրաբեռնվածությունը։ Իսկ դատավորի կողմնակալության մասին միջնորդությամբ նշվել է, որ դատական նիստերի ձգձգումները դատավորի կողմից դիտավորյալ են իրականացվում, որպեսզի կալանավորման միակ հիմքը՝ վկաների վրա ազդեցություն ունենալը, դեռևս անհնար լինի չեզոքացնել»։