Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնառաջարկ ենք ներկայացրել գյուղնախարարությանը դիզվառելիք մատակարարելու համար, ապա իմացել, որ «Ֆլեշ»-ն է մատակարարում իրականացնում. տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը

Գնառաջարկ ենք ներկայացրել գյուղնախարարությանը դիզվառելիք մատակարարելու համար, ապա իմացել, որ «Ֆլեշ»-ն է մատակարարում իրականացնում. տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը
Իրավունք
19:01, 26 январь 2023
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 26-ին, կայացավ Սերժ Սարգսյանի՝ դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Այսօրվա նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով վկաները։ Սևան Քոչարյանի հարցաքննությունից հետո հարցաքննվեց գործով վկա Եղիշե Վարդանյանը։ Վերջինս նշեց, որ 2012 թվականին գյուղատնտեսության նախարարությունից զանգ են ստացել, հրավիրվել են այնտեղ, որպեսզի գնային առաջարկ ներկայացնեն՝ նախարարությանը դիզվառելիք մատակարարելու համար։ Նախարարություն գնացել է մյուս վկա Սևան Քոչարյանի հետ։ Ներկայացրել են իրենց գնառաջարկը, ապա, երբ արդեն մատակարարումը սկսված է եղել, իմացել են, որ մատակարարումն իրականացնում է «Ֆլեշ» ընկերությունը։ 

Վկան նշեց, որ Սևան Քոչարյանին ճանաչում է 2000-ական թվականներից։ «2011 թվականից միասին ենք սկսել աշխատել։ Մի օր ինքն ինձ ասաց, որ զանգել են իրեն, հրավիրել են գյուղնախարարություն, որպեսզի գնառաջարկ ներկայացնենք։ Գնացել ենք նախարարի մոտ, ասել է՝ կարո՞ղ եք դիզվառելիք մատակարարել, ասել ենք՝ այո։ Ես հարցրել եմ՝ լո՞ւրջ է էդ ամեն ինչը, նախարարն ասել է՝ այո, փաթեթ ներկայացրեք, մասնակցեք։ Մենք էլեկտրոնային եղանակով ուղարկել ենք։ Մեր առաջարկը, եթե չեմ սխալվում, եղել է 425 դրամ։ Դրանից ահագին ժամանակ հետո ինձ Սևանն ասում է, որ դիզվառելիքը նախարարությունն արդեն բաժանում է գյուղացիներին։ Իմանում եմ, որ «Ֆլեշ» կազմակերպությունն է մատակարարել։ Ես դրանից հետո չեմ էլ իմացել, թե «Ֆլեշը» քանիսո՞վ է մատակարարել, ինչի՞ մենք չենք հաղթել, ինձ չի էլ հետաքրքրել», - ասաց Եղիշե Վարդանյանը։ 

Հարցին, թե երբևէ առնչվե՞լ է «Ֆլեշ» ընկերության ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, Եղիշե Վարդանյանն ասաց, որ անձամբ առնչություն չի ունեցել, սակայն Սևան Քոչարյանը ունեցել է: «Սևանի հեռախոսին զանգ եկավ, հարցրեցի՝ ո՞վ է զանգում, Սևանն ասաց՝ Յաշան։ Յաշան «Ֆլեշ»-ի տնօրենն է։ Սևանն ասաց՝ Յաշան մի քիչ վրդովված է, որ մենք էլ ենք գնային առաջարկ արել։ Չգիտեմ ինչո՞ւ է Յաշան վրդովվել»,- ասաց վկան։ 

Եղիշե Վարդանյանն ասաց, որ ընկերությունը գործունեությունը դադարեցրել է 2016 կամ 2017 թվականին։ 2022 թվականին այն սնանկ է ճանաչվել։

Վովա Հակոբյան