Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրեական գործում տասնյակ հազարներով ընդգրկված անձինք կան․ Գլխավոր դատախազը՝ Ծառուկյանի քրգործի մասին

Քրեական գործում տասնյակ հազարներով ընդգրկված անձինք կան․ Գլխավոր դատախազը՝ Ծառուկյանի քրգործի մասին
Իրավունք
17:19, 30 апрель 2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրուցում մանրամասներ ներկայացրեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող ընտրակաշառքի գործով քրեական գործից:

«Այդ քրեական գործում տասնյակ հազարներով ընդգրկված անձինք կան, այսինքն՝ հազարավոր հարցաքննություններ են իրականացվել, տասնյակ անձանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվել», - ասաց Դավթյանը եւ նշեց, որ պետք է ամբողջացվեն քննության տվյալները եւ վերջում տրվի քրեաիրավական համարժեք գնահատական։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ամռանը ընտրակաշառքի գործով Գագիկ Ծառուկյանին, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին, նրա որդուն եւ այլ անձանց մեղադրանք էր առաջադրվել։ Ազգային ժողովը ԲՀԿ ղեկավարին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Գագիկ Ծառուկյանը 2020 թվականին քրեական գործի շրջանակներում կալանավորվել էր, սակայն ամիսներ անց՝ 44-օրյա պատերազմի օրերին, փոխվել էր նրա խափանման միջոցը եւ ազատ էր արձակվել: Նա հրապարակավ խոստացել էր անձամբ ջոկատ կազմել և մեկնել պատերազմ, սակայն այդպես էլ պատերազմի դաշտը չհասավ։