Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհից տուժած կապիտանը դեռ չի հարցաքննվել. գործով երկրորդ մեղադրյալի նկատմամբ կիրականացվեն քննչական գործողություններ, և կլուծվի խափանման միջոց կիրառելու հարցը

Հրդեհից տուժած կապիտանը դեռ չի հարցաքննվել. գործով երկրորդ մեղադրյալի  նկատմամբ կիրականացվեն քննչական գործողություններ, և կլուծվի խափանման միջոց կիրառելու հարցը
Իրավունք
11:44, 31 январь 2023
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած և Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող երրորդ զինծառայողը երեկ տեղափոխվել էր հիվանդասենյակ։

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ վերջինս դեռ չի հարցաքննվել ելնելով առողջական վիճակից և քննչական գործողությունների պլանավորվածությունից։

«Զոհված զինծառայողների ծնողները և վնասվածք ստացած ժամկետային զինծառայողները տուժող են ճանաչվել։ Երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից մեկը կալանավորվել է, մյուսը ձերբակալված է, վերջինիս հետ կապված՝ կիրականացվեն քրեական հետապնդման հարուցումից բխող քննչական գործողություններ, և կլուծվի խափանման միջոց կիրառելու հարցը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՔԿ-ն այսօր հայտնել էր, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 30-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ. Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
 
2023 թվականի հունվարի 31-ին Մ. Ս.-ն ձերբակալվել է:

Գեղամ Ադյան