Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատությունից Ֆրանսիայում թաքնվող Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին պատկանող միլիարդների հասնող գույքի օրինականությունը կասկածի տակ է․ ինչ միջնորդություն է դատարանում ներկայացրել դատախազը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագման գույքի գործով նիստը։ Խոսքն այն մասին է, թե արդյոք ավելի քան 19 միլիարդ դրամի գույքն ու դրամական միջոցները նրանք ձեռք են բերել օրինակա՞ն ճանապարհով։  

Ըստ դատախազության՝ Սուրիկ Խաչատրյանը կասկածելի ծագման 5 անշարժ գույք ունի Երևանում ու Գորիսում, նաև՝ 3 մեքենա։ 
Այսօրվա նիստում դատախազը ներկայացրեց փոփոխված հայցի միջնորդություն։

Համաձայն փոփոխված հայցի՝ դատախազը խնդրում է  հօգուտ ՀՀ-ի Սուրիկ Խաչատրյանից և Լորետա Բարսեղյանից  բռնագանձել Երևան քաղաքի Այասի փողոցի 10/1 հասցեում գտնվող գույքը, իսկ անհնարինության դեպքում դրա միջին շուկայական արժեքը՝ 1 միլիարդ 176 միլիոն 167 500 ՀՀ դրամ։

«Նախկինում ներկայացված  է եղել նույն հասցեով գույքը, գույքի 99,25 տոկոսը։ Փոփոխությունը տվյալ դեպքում կայանում է նրանում, որ փոփոխված տարբերակում չկա նշված գույքի տոկոս և նշված է, որ անհնարինության դեպքում դրա շուկայական արժեքի բռնագանձման խնդրանքը։ Հաջորդը՝ նույն անձանցից բռնագանձել քաղաք Երևան, Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 32/11 հասցեով գույքը, իսկ անհնարինության դեպքում դրա միջին շուկայական արժեքը՝ 946 միլիոն 320 000  դրամ»,- ասաց դատախազ Գևորգ Քոչարյանը։

Դատախազը նաև ներկայացրեց  Սուրիկ Խաչատրյանի կողմից մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված փոխառությունների մասին տեղեկությունը, որոնց վերադարձի մասին տվյալ չեն ստացել, և քանի որ այդ գումարները, դատախազության հաշվարկներով, տրամադրվել են ապօրինի գումարների հաշվին, ուստի այդ փոխառության պահանջի իրավունքը նույնպես ենթակա է բռնագանձման՝ հօգուտ ՀՀ-ի։  

Երբ դատախազը ավարտեց փոփոխված հայցի ընթերցումը, Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն ասաց՝ կարծում են, որ գույքի ապօրինի ծագում ունենալու վերաբերյալ դիրքորոշումը իրավասու մարմինը պետք է ձևավորի բացառապես ուսումնասիրության ամփոփման արդյունքում, այլ ոչ թե դատարանում, և որևէ գույքի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջ, ներառյալ փոփոխված կամ լրացված հայցապահանջ, չի կարող ներկայացվել այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ գույքի վերաբերյալ չի իրականացվել ուսումնասիրություն և ուսումնասիրության արդյունքում կազմվող ամփոփիչ եզրակացությամբ չի հիմնավորվել կամ առնվազն չի մատնանշվել տվյալ գույքի ապօրինի ծագում ունենալու հանգամանքը։ 

Արձագանքելով՝ դատախազն ասաց, որ իրավասու մարմինը ուսումնասիրությունները կատարում է իրեն հայտնի դարձած տեղեկատվության հիման վրա, և այս առումով չափանիշը պետք են լինեն իրավասու մարմնի կողմից գործադրված ողջամիտ ջանքերը տեղեկատվության նյութերը ձեռք բերելու ուղղությամբ։ 

Նշենք, որ մինչև ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումը Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին պատկանող առասպելական ունեցվածքի մասին մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ, մասնավորապես խոսք էր գնում ավելի քան մեկ տասնյակի հասնող շենք-շինությունների, մի քանի տասնյակ հեկտարներով հողատարածքների, Մոնումենտում գտնվող շքեղ առանձնատան մասին և այլն։

Բացի կասկածելի մեծ ունեցվածքից, Խաչատրյանն ու իր որդիները հանրության ուշադրության կենտրոնում են եղել նաև պարբերաբար միջադեպերի մեջ հայտնվելով։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ միանգամից մի քանի հոդվածներով քրեական գործեր հարուցվեցին, նա մեղադրվում էր պաշտոնեական կեղծիք կատարելու, լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ։ Իսկ նրա երկու որդիներն էլ մեղադրվում էին փաստաթուղթ կեղծելու և խաբեությամբ զինծառայությունից խուսափելու համար: Կրկնակի փորձաքննություններից հետո երկուսն էլ զինծառայության համար ոչ պիտանի են ճանաչվել, իսկ քրեական գործերն էլ կարճվել են։

Սուրիկ Խաչատրյանի որդիներից մեկն էլ 2013 թվականին անցնում էր Ավետիք Բուդաղյանի սպանության գործով, որը տեղի էր ունեցել նախկին մարզպետի տան մոտ։ Այս գործի շրջանակներում դատարանն արդարացրել էր Տիգրան Խաչատրյանին՝ նրա գործողությունները դիտարկելով որպես ինքնապաշտպանություն։ 

Բացի դրանից,  Սուրիկ Խաչատրյանը տարիներ առաջ կրկին հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում, երբ «Մարիոթ» հյուրանոցում ոտքով և ձեռքով հարվածել էր գործարար Սիլվա Համբարձումյանին։
Այս պահին Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։ Իսկ այսօրվա նիստին ներկայացել էր միայն նրա ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան