Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանն է խոչընդոտել, որ «Կապիտալ-ինվեստ» ՍՊԸ-ն զբաղվի դիզվառելիքի ներկրումներով. դատախազը դատարանին ցուցմունք ներկայացրեց

Սերժ Սարգսյանն է խոչընդոտել, որ «Կապիտալ-ինվեստ» ՍՊԸ-ն զբաղվի դիզվառելիքի ներկրումներով. դատախազը դատարանին ցուցմունք ներկայացրեց
Իրավունք
18:21, 02 февраль 2023
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվեց Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) դիզվառելիքի գործով հերթական նիստը:

Այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազը դատարանին ներկայացրեց փաստաթղթեր, որոնք վերաբերում են «Կապիտալ-ինվեստ» ՍՊԸ-ին առնչվող գործին, որը հարուցվել է 2019 թ. օգոստոսի 14-ին: Դրանք ընկերության տնօրեն ու սեփականատեր Սամվել Սուքիասյանի և Հարություն Վարդանյանի ցուցմունքներն են:  

Ըստ մեղադրողի՝ փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ սույն ընկերության նկատմամբ ևս շուկայից դուրս մղելու համար միտումնավոր քայլեր են արվել: Այդ գործով վկաներից Հարություն Վարդանյանն իր ցուցմունքում պնդել է, որ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, օգտագործելով նախկին բարձրաստիճան ղեկավարության հետ իր կապերը, «Կապիտալ-ինվեստ» ՍՊԸ-ին դիզվառելիքի ներկրման շուկայից դուրս մղելու քայլեր է ձեռնարկել:  

Ավելին, ըստ վկայի ցուցմունքի՝ Բարսեղ Բեգլարյանն իրեն ուղիղ ասել է, որ ոչ թե ինքն է խանգարել վերջինիս, այլ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է արգելել, որ «Կապիտալ-ինվեստ» ՍՊԸ-ն զբաղվի դիզվառելիքի ներկրումներով: Դատախազը հորդորեց փաստաթղթերը կցել գործին, քանի որ դրանք այս գործով վկայի՝ Սևան Քոչարյանի ցուցմունքները գնահատելու փուլում էական նշանակություն ունեցող փաստաթղթեր են:

«Ես պնդում եմ, որ այս ամենի հետևում կանգնած է եղել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, քանի որ իմ ընկերությունը լուրջ մրցակից էր դառնալու իր ընկերության համար»,- ասվում է դրանում։ 

Ըստ ցուցմունքի՝ երբ Բարսեղ Բեգլարյանին Հարություն Վարդանյանը  հարց է տվել, թե ինչու է նման ստոր ձևով վարվել իր հետ, նա պատասխանել է. «Բարսեղ Բեգլարյանը ասաց, որ ինքը կապ չունի այդ հարցում, և տվեց Սերժ Սարգսյանի անունը... Ինձ համար ակնհայտ էր, որ հնարավոր է դիզելային վառելիք ներկրել միայն երկրի բարձրագույն ղեկավարի ցուցումով։ Սակայն ես Բարսեղ Բեգլարյանին ասեցի, որ ես չեմ հավատում, որ ինքը կապ չունի և որ հենց իր խնդրանքով չի նախագահն այդպիսի կարգադրություն արել»։

Դատախազի ելույթը վրդովեցրեց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, որը գոռաց դատախազի վրա. «Չխանգարես ինձ»: Նա դատավորին խնդրեց չընդհատել իրեն, ասաց, որ դատարանի նկատմամբ ունի հարգանք ու որևէ մեկին վիրավորելու միտում չունի:

«2019-ին է, չէ՞, գործը հարուցվել, բա մինչև 2023թ. ինչի՞ ընթացք չի տրվել: Եթե ես մեղավոր եմ, թող տանեն կախաղան բարձրացնեն: Ինչի՞ մինչև հիմա այդ գործը դատարան չի ուղարկվում: Բոլորը գիտեն, որ Արթուր Վարդանյանը եղել է Վանեցյանի քրոջ տղեն, և այն ժամանակ ինչ-ինչ հանգամանքներում խոստացել են այդ գործը կարել, երևի չի ստացվել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում