Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանի վրա հարձակումը պետք է շատ արագ բացահայտվեր. Օրենքով գողերի ներգրավվածությունը նորություն չէ

Արարատ Միրզոյանի վրա հարձակումը պետք է շատ արագ բացահայտվեր. Օրենքով գողերի ներգրավվածությունը նորություն չէ
Իրավունք
12:50, 06 февраль 2023
Օրերս կալանավորվել է «օրենքով գող» Գևորգ Իսրայելյանը: Քննչական կոմիտեից հայտնում են՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գևորգ Իսրայելյանը, ունենալով «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանելով հիշյալ կարգավիճակը, ստանձնել է քաղաքացուն պարտք մնացած գումարի վերադարձման հարցի լուծումը:

Նշված անձը Գևորգ Իսրայելյանն է, որը ներգրավված է որպես մեղադրյալ նախկինում ՀՀ Ազգային ժողովի նախագահ, այժմ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով:

Այն, որ հանցագործ աշխարհը քաղաքական հանձնարարություններ է իրականացրել, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ նորություն չէ: Ավելին, իրեն հանցավոր համարող աշխարհը տևական ժամանակ է քաղաքականության մեջ է ներքաշված: Իրավապաշտպանը որպես օրինակ նշում է ընտրությունների ժամանակ իրենց հեղինակություն համարողների ներգրավված լինելը.

«Սա նորություն չի, սա շատ հին աշխատող թեմա է, և զարմանալու բան չկա: Կարծում եմ՝ շատ հետսովետական երկրներում քրեական աշխարհի գործառություններն օգտագործելն ընդունված տարբերակ է, երբ չի աշխատում  ուժային կառույցների գործիքակազմը, օգտագործում են քրեական աշխարհը: Նրանք, որոնք փորձել են Արարատ Միրզոյանին խաղից հանել կամ ֆիզիկապես վերացնել, միշտ էլ այդ ուժերն օգտագործել են այդ գործիքակազմը, բայց հիմա իրենց ձեռքում չկա հնարավորություն ուժային կառույցներում գործեր հարուցել, բայց քրեական աշխարհը օգտագործելու տարբերակը, իհարկե, կա»,-ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ Արարատ Միրզոյանի վրա հարձակումը պետք է շատ արագ  բացահայտվեր, պետք է արագ քննվեր,  մինչդեռ անցել է երեք տարի:

«Հատկապես որ Արարատ Միրզոյանն ուներ թիկնապահներ, որոնք ԱԱԾ ծառայությունների ներկայացուցիչներ են, իսկ տարածքն էլ, որ տեղի էր ունեցել հարձակումը, պատահական տեղ չէր: Ավելին՝ տասնյակի հասնող տեսանյութեր կային, կային վկաներ, շատ մեծ գործիքակազմ կար, որ պետք էր շատ արագ արձագանքեր: Սա դեռ սկիզբն է, և կարող է պարզվի՝ ում որ ձերբակալել են, մեղավոր չէ: Դեռ կարդարացնեն էլ, դեռ հատուցում կվճարենք իր խախտված իրավունքների վերականգնման համար: Ոչ մի բանի վրա չեմ զարկանում, համակարգը չի ենթակվում որևէ մեկին, կամ ենթարկվում է այն ուղղությամբ, որտեղից օգուտ ունի»,-ասաց Կարապետյանցը՝ հավելելով, որ չի կարող նորմալ երկրում ԱԺ նախագահի վրա նման հարձակում տեղի ունենալ, և մարդիկ մնան ազատության մեջ, գործերը չքննվեն, պատասխանատվության չենթարկվածներ չլինեն:

Նրա խոսքով՝ սա նշանակում է՝ որևէ բարձրաստիճան պաշտոնյա պաշտպանված չէ, և սա պետության անվտռանգության խնդիր է. ԱԺ նախագահի վրա կարող են հարձակվել մի խումբ խուլիգաններ և ոչնչացնեն, իսկ սա խարխլում է պետության ինստիտուտները: