Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու մոտ հայտնաբերված դանակն ու կացինը սառը զենք չեն հանդիսանում և ունեն տնտեսակենցաղային նշանակություն․ ՔԿ

ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու մոտ հայտնաբերված դանակն ու կացինը սառը զենք չեն հանդիսանում և ունեն տնտեսակենցաղային նշանակություն․ ՔԿ
Իրավունք
14:17, 07 февраль 2023
Օրերս մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ դեկտեմբերի 27-ին սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել Երևանի 27-ամյա բնակիչ Գուրգեն Արսենյանը, որի մոտ հայտնաբերվել է 2 հատ կացին և 16․5 սմ շեղբի երկարությամբ դանակ։ Արդյունքում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Քննչական կոմիտեից Civic.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Ըստ ՔԿ-ի՝ Գ․ Արսենյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված թվով 1 հատ դանակի և թվով երկու հատ կացինների՝ սառը զենք հանդիսանալու հանգամանքը պարզելու համար նշանակվել է քրեագիտական փորձաքննություն։ Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված կացիններից մեկը պատրաստված է գործարանային, մյուսը՝ արհեստագործական եղանակով, դրանք ունեն տնտեսակենցաղային նշանակություն և սառը զենք չեն հանդիսանում։ Իսկ դանակը պատրաստված է գործարանային եղանակով, հանդիսանում է խոհանոցային դանակ, սառը զենք չի հանդիսանում:

Հաշվի առնելով, որ Գ․ Արսենյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները՝ կայացվել է քրեական վարույթը կարճելու որոշում: