Քաղաքացիակենտրոն
լրատվություն

28 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար

28 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար
Իրավունք
14:40, 13 февраль 2023
Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 21-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար:

Վերոնշյալ անձինք մեղավոր են ճանաչվել մեղսագրվող արարքի կատարման մեջ և դատապարտվել են տարբեր չափերի տուգանքների:

Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով, 2022 թվականի դեկտեմբերի 19-ին դիմել էր Ոստիկանություն (ներկայում՝ Ներքին գործերի նախարարություն)՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ:

Հիմք ընդունելով Հակակոռուպցիոն դատարանի դատավճիռը և Դատախազության միջնորդությունը՝ Ոստիկանությունը (ՆԳՆ) ուժը կորցրած է ճանաչել մեղադրյալների վարորդական վկայականները. դրանց վերաբերյալ համապատասխան նշում է կատարվել Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնայինռեգիստրում:
 
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված ևՀակակոռուպցիոն կոմիտեում քննված  քրեական գործով քաղաքացիներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակողի միջոցով Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման- քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչին տարբեր չափերի կաշառք են տվել (մոտ 3 մլն տասը հազար դրամ)՝ ապօրինի ձեռք բերելով վարորդական իրավունքի վկայականներ: