Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանի որոշմամբ՝ ԲՀԿ երիտասարդների միության նախագահին պատկանող գույքի վրա 1 մլն դրամի չափով արգելանք է դրվել

Դատարանի որոշմամբ՝ ԲՀԿ երիտասարդների միության նախագահին պատկանող գույքի վրա 1 մլն դրամի չափով արգելանք է դրվել
Իրավունք
22:21, 16 февраль 2021
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ավագ Գաբրիելյանի նախագահությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանին պատկանող գույքի վրա 1 մլն դրամի չափով արգելանք է դրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

2021 թվականի հունվարի 29-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը դատի էր տվել Անդրեասյանին՝ պահանջելով հատուցել պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը, ինչպես նաեւ ներողություն խնդրել:

Իոաննիսյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում վիրավորել էր իրեն, ինչի համար դիմել էր դատարան՝ պահանջելով Անդրեասյանից 1 մլն դրամ փոխհատուցում եւ ներողություն՝ դարձյալ ֆեյսբուքյան էջի միջոցով:

«Ես միջնորդություն էի ներկայացրել դատարան հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է: Դատարանը 1 մլն դրամի չափով կալանք է դրել Աշոտ Անդրեասյանի գույքի վրա, ինչպես նաեւ նրան արգելել է մինչեւ վերջնական դատական ակտի կայացումը իր ֆեյսբուքյան էջը ջնջել»,- ասաց Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ սա նոր պրակտիկա չէ եւ այդպիսի պրակտիկա է կիրառվել նաեւ Գառնիկ Իսագուլյանի եւ Արտյոմ Խաչատուրյանի դեմ իր հայցերով: