Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունն ասում է՝ ձեր գույքի կեսն ապօրինի է, բայց ես լրիվն եմ ուզում. կայացավ Սերժ Սարգսյանի և դուստրերի՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստը

Դատախազությունն ասում է՝ ձեր գույքի կեսն ապօրինի է, բայց ես լրիվն եմ ուզում. կայացավ Սերժ Սարգսյանի և դուստրերի՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստը
Իրավունք
17:34, 17 февраль 2023
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթացավ Սերժ Սարգսյանի և նրա դուստրերի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նախնական նիստը։ Առաջին նիստը կայացել էր այս տարվա հունվարի 19-ին։ 

Դատարանը Սարգսյանների ներկայացուցիչների առարկության պատճառով թույլ չտվեց լրագրողներին տեսանկարահանում իրականացնել։ 

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում Սերժ Սարգսյանը երկու դուստրերի՝ Անուշ Մինասյանի և Սաթենիկ Սարգսյանի հետ միասին դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին էր հրավիրվել է Հակակոռուպցիոն դատարան:
«Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրում ենք ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 15:00-ին, նշանակված նախնական դատական նիստին»,- ասվում է ծանուցման մեջ։

Հունվարին կայացած առաջին դատական նիստի ընթացքում Գլխավոր դատախազությունը, ներկայացնելով հայցը, պնդել էր, որ Սարգսյանին ու նրա դուստրերին պատկանող գույքն ու դրամական միջոցները չեն համապատասխանում նրանց եկամուտներին, դրանք ապօրինի են ձեռք բերվել և պետք է փոխանցվեն պետությանը։

Դատախազ Տիգրան Ենոքյանը դիմումը ներկայացնելիս պնդել էր՝  պետության օգտին պահանջում ենք բռնագանձել նաև Սարգսյանի հանգուցյալ կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հաշվեհամարին առկա գումարը։

«ՀՀ բռնագանձմանն են ենթակա Սերժ Ազատի Սարգսյանի՝ «Արարատ բանկ» ընկերությունում ներդրված 107 մլն 998 հազար 686 ՀՀ ավանդի ամբողջ գումարը, ինչպես նաև այդ ավանդի դիմաց կուտակված տոկոսները 2018 թվականից՝ 44 միլիոն 280 հազար 352 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև Սաթենիկ Սերժի Սարգսյանից օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանող գույքը բռնագանձել հօգուտ ՀՀ-ի։ Խոսքը քաղաք Երևան, Տերյան փողոց, 66 շենք, 64-րդ բնակարանի և Տերյան փողոց 66 շենք, թիվ 39 հասցեի երկու տարբեր հանգրվանների մասին է», - ներկայացրել էր դատախազը։

Այսօրվա դատական նիստի ընթացքում շուրջ 40 րոպե տևած հարցուպատասխանի ընթացքում դատավոր Աշխեն Ղարսլյանը փորձում էր պարզել Սերժ Սարգսյանի պաշտպաններ Վահագն Գրիգորյանի և Ամրամ Մակինյանի տեսակետները՝ դատախազության ներկայացուցիչ, տնտեսագետ Արթուր Կարապետյանի՝ գործի քննությանը որպես հայցվորի ներկայացուցչի լիազորությունները ճանաչելու հետ կապված։
Պաշտպանական կողմը դեմ էր Կարապետյանի լիազորությունները ճանաչելուն, չնայած նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը արդեն ճանաչել էր Կարապետյանի լիազորությունները։ Ի վերջո, երկար դասախոս-ուսանող հարցաքննություն հիշեցնող հարցուպատասխանից հետո դատարանը որոշեց. «Արթուր Կարապետյանի լիազորությունները՝ որպես ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վարչության աշխատակից, սույն նախնական դատական նիստին և հաջորդող դատական նիստերին մասնակցելու առումով ճանաչված են, որևէ արգելք չկա վերջինիս մասնակցությանը»։

Մինչ Արթուր Կարապետյանին հարցեր ուղղելը պաշտպան  Վահագն Գրիգորյանը առաջարկեց դատարանին թույլատրել քննել դատախազության կողմից հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդությունը։ Դրանով, ըստ Սարգսյանների ներկայացուցչի, իրենց մի շարք հարցեր՝ ուղղված Արթուր Կարապետյանին, կարող են դուրս գալ։ Դատախազը չառարկեց։ 

Դատախազությունը փոփոխել էր հայցի թե՛ հիմքը, թե՛ առարկան։ Փոփոխված հայցը վերաբերում էր Սերժ Ազատի Սարգսյանին և Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանին պատկանող ավանդային հաշիվները և ձեռք բերված ավանդներից կուտակված տոկոսային հաշիվները հստակեցնելուն։ Այդպիսով, իրավասու մարմինը դատարանից խնդրում է թույլատրել սույն քաղաքացիական գործով կատարել հայցի հիմքի և  առարկայի փոփոխություն՝ հայցադիմումը համալրելով 2022 թվականի ապրիլի 5-ի՝ Ռիտա Սարգսյանի մահից հետո վերջինիս  գույքի նկատմամբ ժառանգ համարված Սաթենիկ Սերժի Սարգսյանի, ով, ըստ դատախազության, չի դիտարկվել բարեխիղճ ձեռք բերող, քանի որ  վերջինս ողջամտորեն կարող էր իմանալ գույքի  ապօրինի ծագում ունենալու մասին ստացած միջոցները։ Դատախազությունը խնդրեց որպես հայցի առարկա հիմք ընդունել նոր բովանդակությամբ հայցը։ «Սերժ Ազատի Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել 2018 թվականի փետրվարի  9-ին «Արարատ բանկ» ընկերությունում ներդրված 107 միլիոն 998 հազար 657 դրամ ավանդը կամ դրան համարժեք միջոցներ, 2022 թվականի ապրիլի 11-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը համապատասխան ավանդային հաշվին առկա գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսները, 2018 թվականի փետրվարի 9-ին նույն բանկում ներդրված ավանդի կուտակված 44 միլիոն 280 հազար 382 դրամի չափով տոկոսները, 2022 թվականի ապրիլի 11-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Արարատբանկ» ՓԲ ընկերության հաշվին առկա 44 միլիոն 280 հազար 382 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ Նաև՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի ժառանգ՝ Սաթենիկ Սերժի Սարգսյանից, որպես, օրենքի իմաստով,  Սերժ Սարգսյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել  Ռիտա Սարգսյանի անվամբ 2018 թվականի փետրվարի 12-ին «Արարատբանկ»-ում ներդրված, օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանող և Սաթենիկ Սարգսյանին ժառանգությամբ փոխանցված 95 միլիոն դրամի ավանդը, ինչպես նաև 2021 թվականի մայիսի 12-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Արարատբանկ» ՓԲ ընկերությունում նշված ավանդային հաշվեկռում առկա 95 միլիոն  դրամ ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները։ Ռիտա Սարգսյանի անվամբ 2018 թվականի փետրվարի 12-ին նույն բանկում ներդրված, օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանող և Սաթենիկ Սարգսյանին ժառանգությամբ փոխանցված ավանդի նկատմամբ կուտակված  30 միլիոն 435 հազար  975 դրամի  չափով տոկոսները։ 2021 թվականի մայիսի 11-ից մինչև  վճռի փաստացի կատարման օրը  «Արարատբանկ» ՓԲ ընկերության համապատասխան հաշվին առկա 30 միլիոն 435 հազար 975 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ Սաթենիկ Սարգսյանից՝ որպես օրենքի իմաստով  Սերժ Սարգսյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել քաղաք Երևան, Տերյան փողոց 66 շենք, 64-րդ բնակարանը, իսկ դրա անհնարինության  դեպքում Սերժ Սարգսյանից բռնագանձել գույքի շուկայական արժեքը՝ 360 միլիոն 900 հազար դրամ, և քաղաք Երևան Տերյան 66 շենք, թիվ 35 հասցեի ավտոկանգառը՝ օրենքով նախատեսված անհնարինության դեպքում Սերժ Սարգսյանից բռնագանձել նշված գույքի շուկայական արժեքը՝ 10 միլիոն 660 հազար դրամ։ Նաև՝ քաղաք Երևան 66 շենք, թիվ 35 հասցեով գրանցված 2-րդ ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում Սերժ Սարգսյանից բռնագանձել նշված գույքի շուկայական արժեքը՝ 10 միլիոն 660 հազար դրամ։ Սերժ Ազատի Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 165 միլիոն 854 հազար 249 ՀՀ դրամ՝ որպես  ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ՝ բռնագանձումը տարածելով նաև համատեղ կյանքի ընթացքում Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի անվամբ առևտրային բանկերում առկա, ինչպես նաև ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված դրամական միջոցների վրա 186 միլիոն 584 հազար 328 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2021 թթ. ընթացքում  փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողին կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, բռնագանձումը կրկին  տարածելով համատեղ կյանքի ընթացքում  Ռիտա Սարգսյանի անվամբ առևտրային բանկերում առկա, ինչպես նաև ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված դրամական միջոցների վրա», - ներկայացրեց դատախազ Ենոքյանը։ 

Պաշտպանական կողմը առարկեց դատախազի միջնորդությանը՝ նշելով, որ սկզբնապես ներկայացված հայցի առարկայի և  միջնորդության մեջ ներկայացված  հայցի առարկայի համադրությամբ  ակնհայտ է, որ իրավասու մարմնի կողմից, ըստ պաշտպանի, փորձ է արվում փոխել հայցի առարկան՝ պահանջների չափը ավելացնելու միջոցով։ «Ընդ որում, իրավասու մարմինը երկու նոր մոտեցում է որդեգրել՝ եթե սկզբնական հայցադիմումով իրավասու մարմինը պահանջում էր բռնագանձել գույքի միայն այն մասը, որը իր կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում որակվել էր որպես ապօրինի ծագում ունեցող, ապա հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու միջնորդությամբ իրավասու մարմինը դատարանից  խնդրում է բռնագանձել գույքերը ամբողջությամբ՝ անկախ նրանից, թե որ մասն է համարվել օրինական, որը՝ ապօրինի։ Օրինակ՝ Տերյան փողոցում առկա անշարժ գույքը սկզբնական  հայցի առարկայով նշված էր, որ, ըստ իրավասու մարմնի, 38 տոկոսն է ապօրինի, այժմ իրավասու մարմինը, ի տարբերություն նախորդ խմբագրության, ցանկանում է բռնագանձել այդ գույքն ամբողջությամբ։ Եվ երկրորդ՝ միջնորդության մեջ ներկայացված հայցի առարկայում իրավասու մարմինը լրացուցիչ պահանջներ է  ներկայացրել՝ պահանջելով բռնագանձել ավանդային և այլ հաշիվներում առկա գումարների վրա հաշվեգրվող տոկոսները»,- ասաց պաշտպանը  և կարծիք հայտնեց, որ վերը նշված երկու ավելացումներն էլ անթույլատրելի են։  Պաշտպանը դատարանից խնդրեց մերժել դատախազության միջնորդությունը։ 

Դատախազը անհիմն համարեց պաշտպանի առարկությունը, քանի որ, ըստ իրենց, եթե գույքը ձեռք է բերվել նաև ապօրինի միջոցներով, ապա ամբողջական գույքը համարվում է ապօրինի ձեռք բերված։ Դատախազը նաև անհիմն համարեց պաշտպանի այն պնդումը, թե հայցում ավելացումներ անելն անթույլատրելի է։  

Պաշտպաններից Ամրամ Մակինյանը նշեց, որ իր տպավորությամբ՝ իրավասու մարմինը պահանջում է դատարանից բռնագանձել պաշտպանվող կողմի գույքը՝ անկախ նրանից՝ գույքը ապօրինի է ձեռք բերված, թե օրինական։ «Ասում է՝ հարգելի դատարան, ես պարզել եմ, որ գույքի 38 տոկոսն է ենթադրյալ ապօրինի, հետո եզրակացությամբ էլ եմ այդպես ֆիքսել, հիմա ասում եմ, որ 38-ը չէ, 100-ն է, հիմա 100-ն եմ ուզում։ Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել»,- ասաց Մակինյանը և հավելեց. «Ինչքանո՞վ է տրամաբանական ապօրինի ծագում  ունեցող գույք բռնագանձել այն դեպքում, երբ դատախազությունն ասում է՝ էս գույքը օրինական է։  Ես այսօր ԱԱԾ հաղորդում եմ ներկայացրել, որ քննվի այս հարցը, պարզվի՝ էս ի՞նչ է կատարվում։ Պետական մարմինը ասում է՝ էս ձեր համակարգչի կեսը ապօրինի է, բայց ես լրիվն եմ ուզում։ Ես այդտեղ  տեսել եմ առերևույթ իշխանական լիազորությունների չարաշահում՝ հանցագործության հատկանիշներ և ներկայացրել եմ ԱԱԾ քննարկմանը»։

Այսքանով այսօրվա դատական նիստը հայտարարվեց փակված։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին, ժամը 15-ին։

Վովա Հակոբյան