Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանի եղբորորդուց բռնագանձել շուրջ 4 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամ և անշարժ գույք. կայացավ Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստը

Հակակոռուպցիոն դատարանում կայացավ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը, այս անգամ՝ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Լյովայի Սարգսյանի գործով։  

Դատարանը նախ քննեց հայցի առարկայի վերաբերյալ  հայցվոր կողմի միջնորդությունը։

Դատախազ Տիգրան Ենոքյանը, ներկայացնելով հայցադիմումում փոփոխությունները, նշեց, որ փոփոխված հայցով դատախազությունը Նարեկ Սարգսյանից  հօգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի ծագում ունեցող գույք պահանջում է բռնագանձել Երևանում և մարզերում գտնվող մոտ մեկ տասնյակի հասնող անշարժ գույքը կամ դրա անհնարինության դեպքում՝  ավելի քան  601 մլն 500 հազար դրամին համարժեք դրամ, 43 մլն 500 հազար դրամի բաժնեմասեր 2 ընկերությունում, շուրջ 3 մլն 800 հազար դրամ գումար՝ փոխառությունից ծագող պահանջի իրավունքը, նաև՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վարձակալությունից ստացված 3 մլն 600 հազար դրամ  գումարը, բանկում որպես ավանդ դրված 1 մլն 306 հազար դոլարն ու 33 մլն 500 հազար դրամը և մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը այդ գումարների վրա հաշվարկված տոկոսները։ Փոփոխված հայցով դատախազությունը պահանջում է Նարեկ Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև 684 հազար դոլար, 142 հազար եվրո և 42 մլն 500 հազար դրամ ապօրինի համարվող դրամական միջոցներ։  

Ընդհանուր առմամբ դատախազությունը պահանջում է Նարեկ Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ավելի քան 4 մլն դոլարի համարժեք գույք և դրամական միջոցներ։

Պատասխանող Նարեկ Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը առարկեց հայցվորի կողմից հայցադիմումի փոփոխության դեմ՝ ի թիվս այլնի նշելով, որ դատախազությունը պահանջում է Նարեկ Սարգսյանից  բռնագանձել նաև դատախազության կողմից  օրինական համարվող գույքը։    

Ըստ պաշտպանի՝ հայցվոր կողմը չի կարող հայցադիմումում ավելացումներ անել, չնայած նվազեցումներ կատարել, ըստ պաշտպանի, թույլատրվում է։  Ի պատասխան՝ դատախազ Տիգրան Ենոքյանը կարծիք հայտնեց, որ պատասխանողի ներկայացուցչի առարկությունն անհիմն է, քանի որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի համաձայն՝ ապօրինի են համարվում 1 միավոր գույքը, մի քանի միավոր գույքը կամ մեկ միավոր գույքի բաժինը, որի ձեռք բերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայցվորի կողմից այս միջնորդության ներկայացումը գնահատեց որպես Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, քանի որ իրավասու մարմինը, ըստ Գրիգորյանի, չի կարող  իր իսկ կողմից օրինական համարված գույքի վերաբերյալ պահանջ ներկայացնել։

Ի վերջո դատավոր Աշխեն Ղարսլյանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ հայցի առարկայի վերաբերյալ  հայցվոր կողմից ներկայացված միջնորդությունը քննելու և որոշում կայացնելու համար։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 16։30-ին։

Վովա Հակոբյան

Մանրամասն՝ տեսանյութում