Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում նախորդ երկու օրերին 133 մարդ է բերման ենթարկվել. ՆԳՆ

Վրաստանում նախորդ երկու օրերին 133 մարդ է բերման ենթարկվել. ՆԳՆ
Իրավունք
12:17, 09 март 2023
Վրաստանի ոստիկանությունը մարտի 7-8-ը երկրի խորհրդարանի դիմաց անցկացված բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկել 133 քաղաքացու, այսօր հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

«Մարտի 8-ին Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ և Ռուսթավելի պողոտայում հանրահավաքը մի քանի ժամ շարունակվել է խաղաղ, սակայն ավելի ուշ հանրահավաքի մասնակիցներից մեկը կոչ է արել գրոհել խորհրդարանի շենքը », - ասվում է հաղորդագրությունում։

«Շենքի մուտքերի զանգվածային շրջափակման ժամանակ դրա մասնակիցները գործել են ագրեսիվ, վնասել են երկաթե ցանկապատերը, մուտքի դռները, ջարդել են պատուհանների ապակիները, քարեր և այլ առարկաներ են նետել խորհրդարանի բակ, պիրոտեխնիկա են կիրառել ոստիկանների դեմ, ովքեր ստիպված են եղել ուժ կիրառել բռնի գործողությունները ճնշելու համար», - հայտարարում է ՆԳ նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ մարտի 9-ի գիշերը ակցիան ցրելու ժամանակ տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։

Վրաստանի խորհրդարանի կողմից մարտի 7-ին «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները Թբիլիսում, որոնք ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումն այսօր հայտարարեցին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին։