Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տղաս ասաց՝ պետք է Խուռհատ սար բարձրանային, բայց այդ դիրքերը մենք էլ չունեինք, Ջալալն էլ ասել է՝ ինձ չի հետաքրքրում, բոլորին հանում եք դիրքեր․ զոհված զինծառայողի մայր

Տղաս ասաց՝ պետք է Խուռհատ սար բարձրանային, բայց այդ դիրքերը մենք էլ չունեինք,  Ջալալն էլ ասել է՝ ինձ չի հետաքրքրում, բոլորին հանում եք դիրքեր․ զոհված զինծառայողի մայր
Իրավունք
18:40, 09 март 2023
Այսօր՝ մարտի 9-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ հրամանատար Իշխան Վահանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, Հադրութի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու և սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ անգործություն դրսևորելու համար։ Բացի դրանից, ըստ մեղադրանքի՝ նա 2020թ. հոկտեմբերի 10-ին «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտական դիրքերը: 

Այսօր գոծրով հարցաքննվեց նաև «Խուռհատ» սարի մոտակայքում շրջափակման մեջ հայտնված ու զոհված ժամկետային զինծառայող Ռաֆի Սահակյանի մայրը՝ Վարդուհի Մանուկյանը, որպես տուժողի իրավահաջորդ։

Նրա խոսքով՝ տղան զորակոչվել էր 2020թ. հուլիսի 1-ին և նախքան պատերազմն սկսելը զինվորներից տեղեկացել է, որ դժգոհություն ունեն հրամանատար Իշխան Վահանյանից. «Երբ սեպտեմբերին գնացի զորամաս Ռաֆիիս տեսնելու, զինվորներից լսեցի, որ երեխեքին նեղացնում է Իշխան Վահանյանը։ Սեպտեմբերի 22-ին հրաժեշտ տվեցի երեխեքին, իսկ 23-ին իմացա, որ մարտական վարժանքներ են անցնում, իսկ սեպտեմբերի 25-ին, երբ խոսեցի տղայիս հետ՝ ասաց, որ բոլորի հեռախոսները հավաքել են»։  

Զինծառայողի մոր խոսքով՝ պատերազմն սկսվելուց հետո տղան տարբեր հեռախոսահամարներով զանգել է իրեն՝ տեղեկացրել գտնվելու վայրի ու իրավիճակի մասին. «Ռաֆոն պատմեց՝ Ջաբրայիլի զորամասում երեխաները ապահով վայրում չեն եղել, ընդհակառակը՝ առաջին գիծ են եղել, ու խրամատ կոչվածը ծնկներից ներքև է եղել, երեխեքը խուճապահար մեկը մյուսի վրա էին կրակում։ Էս չակերտավորն (Իշխան Վահանյանը) ասել է՝ եթե մեկդ գնացիք, սաղիդ լեշ եմ սարքելու։ Սեպտեմբերի 29-30-ին երեխեքը գալիս են Արա լեռ ու նորից մարտեր են վարում: Հետո 60 հոգով առանց սպայական կազմի՝ մեկ սերժանտ է լինում իրենց հետ,  գնում են Հադրութ։ Հոկտեմբերի 3-ին հասնում են Հադրութ, անտառների մեջ կորում են, 2 վիրավոր են ունենում այդ ժամանակ, զոհ չեն ունենում։ Հադրութում ռազմական ոստիկանները գտնում են իրեն, տանում են իրենց մոտ։ Այդ ժամանակ էլ եմ խոսել Ռաֆիիս հետ, ինքն ասաց՝ մոլորվել ենք, որովհետև սպայական անձնակազմ չկա մեր հետ։  2 օր մնացել են ռազմական ոստիկանությունում, հետո գնացել են Հադրութի զորամաս, փոխել են պատառոտված շորերը ու գնացել Հադրութի դպրոց։ Հոկտեմբերի 8-ին Հադրութի դպրոցը թիրախավորվում է, ունենում են վիրավորներ։

Այդ օրերին Ջալալի հրամանով, Իշխան Վահանյանն էլ է այնտեղ լինում,  երեխեքին հանում են դիրքեր։ Երբ խոսեցի տղայիս հետ, ասաց՝ դիրքեր պետք է բարձրանանք, ասացի՝ անփորձ եք, ո՞նց եք բարձրանում դիրքեր։ Տղաս բարձրացել է դիրքեր՝ Խուռհատ սար, հոկտեմբերի 10-ին խոսել եմ Ռաֆիիս հետ, շրջափակման մեջ էր ընկել։ Հոկտեմբերի 11-ին զանգել եմ հրամանատարներին, Արցախի ԱԻՆ-ին, որ կարողանամ օգնել, Արցախի ԱԻՆ-ը գնացել է դեպի Խուռհատ սար, երկու ուղղություն կար՝ որ ուղղությամբ գնացել են, դիվերսիա է եղել։ Հետո հոկտեմբերի 12-ին Ռաֆիս զանգեց ասաց՝ նույն տեղում ենք նույն կարգավիճակում, իր հետ կային տասնյակից ավելի զինվորներ, որից 7-ը, իմ իմանալով, ծայրահեղ ծանր վիճակում էր, ու վերջին կապը դա է եղել»։  

Զոհված զինծառայողի մոր խոսքով՝ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը ստորագրվելուց հետո, նոյեմբերի 11-ին Արցախ է գնացել. «Հեր-հեր գյուղում Հադրութի ու Ջաբրայիլի զորամասերից զինվորներ կային, խոսեցի հետները, ասում էին՝ Իշխան Վահանյանը թողեց փախավ, իր պատճառով շատ զոհ ենք տվել, բայց իրեն հրաման էին տվել։ Որդիս հայտնել է, որ այն սպայական անձնակազմը, ովքեր չեն զոհվել՝ ընդհուպ Ջալալ Հարությունյանը, Հադրութի դպրոցում են եղել։ Տղաս ասաց, որ պետք է Խուռհատ սար բարձրանային պաշտպանելու դիրքերը, բայց Ռաֆոն ասում էր՝ այդ դիրքերը մենք էլ չունենք, հակառակորդը կա, խոսակցությունն այդպես է եղել, Ջալալն էլ ասել է՝ ինձ չի հետաքրքրում, բոլորին հանում եք դիրքեր։ Վահանյանին ասել են՝ կարո՞ղ ես տանել տղաներին դիրքեր, ասել է՝ հա, ես պատրաստ եմ, և ուսումնական գումարտակը տարել է դիրքեր»։  

Զինծառայողի մոր խոսքով՝ Խուռհատ սարից իջել են տղաները, նաև վիրավորներին են իջեցրել, նստեցրել ավտոմեքենան ու սպասել, որ իրենց էլ ապահով տեղ տանեն. «Ռաֆը վիրավորներին իջեցնում նստեցնում է Ուրալը։ Վիրավորներից Գասպարյան Վահանն ասաց՝ Ռաֆոն է ինձ իջացրել սարից, նստացրել Ուրալ»։

Հոկտեմբերի 12-ը մոր և որդու վերջին խոսակցության օրն է եղել, մայրը շեշետեց՝ տղաները շրջափակման մեջ են հայտնվել Սպիտակ եկեղեցու տարածքում՝ ձորակի մեջ. «Իմ տղայի հետ սպայական անձնակազմ չի եղել»։