Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զանգել եմ՝ ասեմ՝ ինչի ես քիթդ խոթում ստեղ»․ Սերժ Սարգսյանի գործով հարցաքննվել է վկա Յաշա Խաչատրյանը. Iravaban.net

«Զանգել եմ՝ ասեմ՝ ինչի ես քիթդ խոթում ստեղ»․ Սերժ Սարգսյանի գործով հարցաքննվել է վկա Յաշա Խաչատրյանը. Iravaban.net
Իրավունք
18:45, 09 март 2023
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ մարտի 9-ին, կայացավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի գործով դատական քննությունը։

Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործը վերաբերում է շուրջ 10 տարի առաջ վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական նախկին օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։

Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են:

Այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննվեց «Ֆլեշ» ընկերության արդեն նախկին տնօրեն Յաշա Խաչատրյանը։ Նա նշեց, որ ընկերությունում աշխատել է մինչև 2021 թվականը։ Լավ հարաբերություններ ունի ամբաստանյալներ Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի հետ։

Յաշա Խաչատրյանը պատմեց, թե ինչպես է ստացվել, որ ընկերությունը ամենաբարձր գինն է առաջարկել մատակարարումներ առաջարկելու համար ու Գյուղատնտեսության նախարարությունն իրենց է ընտրել որպես մատակարար։

«Քննիչի մոտ հարցաքննության ժամանակ ասել եմ, որ հնարավոր է՝ իրենք հաշվի են առել «Ֆլեշ» ընկերության փորձն ու հմտությունը։ Այդպիսի ծրագրեր մենք շատ ենք արել։ Բացի այդ, կարևոր էր որակի հարցը։ Իրենք որոշել են, որ մեզ տան, մենք անենք։ Կառավարության որոշմամբ տվել են մեզ, Գյուղնախարարության հետ պայմանագիրը ստորագրել եմ ես ու սկսել ենք գործընթացը»,-նշեց նա։

Խաչատրյանի խոսքով՝ մրցույթում հաղթելու մասին իմացել է ամբաստանյալ Սամվել Գալստյանից՝ մինչև պայմանագրի կազմումը։ Վկան նշեց, որ Գևորգ Հարությունյանը զանգել է իրեն ու հայտնել, որ Գալստյանն ուզում է իր հետ խոսել։ Ինքն էլ վեր է կացել ու նախարարություն գնացել։

Դատախազ Արսեն Մարտիրոսյանին հետաքրքրում էր, թե որն է եղել «Ֆլեշ» ընկերության հետ պայմանագիր կնքելու պատճառը։ Խաչատրյանը պնդում էր, որ պատճառը որակն ու ընկերության փորձառությունն է եղել։

Բացի այդ, Յաշա Խաչատրյանը դատարանում հայտնեց, որ Սամվել Գալստյանից է իմացել, թե որ ընկերություններն են մասնակցել մրցույթին․ «Իմացել եմ միայն անունները, չի ասել՝ ով ինչ գին է առաջարկել»։

Դատախազը նշեց, որ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ծրագրին մասնակցության նախաձեռնությունը եկել է ոչ թե ընկերությունների, այլ Գյուղատնտեսության նախարարության կողմից․ «Այսինքն, նախարարության իրավասու պաշտոնատար անձինք են զանգել, խնդրել ընկերություններին և առաջարկել գնային առաջարկ ներկայացնել»։

Խաչատրյանը պնդեց, որ «Ֆլեշ» ընկերությունը, այլ ընկերությունների նկատմամբ արտոնյալ պայմաններ չի ունեցել։ Այնուհետև դատախազ Արսեն Մարտիրոսյանն ընթերցեց Քննչական կոմիտեում Յաշա Խաչատրյանի տված ցուցմունքներից մի հատված։ Քննիչը հարցրել էր վկային․ «Տեղեկություններ են ստացվել, որ Դուք մրցույթի հրապարակման օրը, նախատեսված ժամից ավելի շուտ զանգել եք Սևան Քոչարյանին («Սոբրանիյե» ընկերության տնօրեն Սևան Քոչարյան, մրցույթի մյուս մասնակիցներից մեկը-խմբ․) և բորբոքված տոնով հարցրել՝ «ՊՆ-ից պրծար, հիմա էլ գյուղնախարարությա՞նն ես անցել»։ Դուք պատասխանել եք, որ այդպիսի բան չի եղել, Դուք Սևան Քոչարյանին չեք զանգել։ Սակայն իմ տված հարցադրմանը ի պատասխան ասացիք, որ զանգել եք Քոչարյանին։ Խնդրում եմ պարզաբանեք, թե ինչով է պայմանավորված դատարանում և նախաքննական մարմնում Ձեր տված հակասական տեղեկությունը»։

Յաշա Խաչատրյանն ասաց, որ երևի զանգել է, սակայն չի հիշում․ «Զանգել եմ՝ ասեմ՝ ինչի ես քիթդ խոթում ստեղ, էն դեպքում, երբ դու ծրագիրը չես կարողանալու անել։ Դու սկի իմ պարտքերը չես կարողանում տալ, դու դրանք ոնց ես կարողանալու»։

Վկայի հարցաքննությունն ավարտվեց, դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 23-ին։

Աղբյուր՝ iravaban.net