Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրենք ինձ վերջնական չեն ասել, թե 2 միլիոնով 2000 ուսանողն ինչ պետք է անեին. Ավետիք Չալաբյանի գործով հարցաքննվել է Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը

Իրենք ինձ վերջնական չեն ասել, թե 2 միլիոնով 2000 ուսանողն ինչ պետք է անեին. Ավետիք Չալաբյանի գործով հարցաքննվել է Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը
Իրավունք
13:55, 10 март 2023
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի և Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանի գործով դատական նիստի ժամանակ հարցաքննվեց գործով անցնող վկա՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը։ 
 
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին և Էմմա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 8-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններին, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար: 

Մեղադրող դատախազի հարցին, թե առաջին կապը Էմմա Սարգսյանի հետ ինչ միջոցով է եղել, Թոռնիկ Ալիյանն ասաց, որ Էմմա Սարգսյանն իրեն ասել էր, որ ուսանողներին հետաքրքրող գյուղոլորտին առնչվող ծրագրերի քննարկման համար ցանկանում է իր հետ հանդիպել, և խոսակցությունից մեկ կամ երկու օր հետո հանդիպել են Ագրարային համալսարանի ուսխորհրդում։

«Կոնկրետ այդ հանդիպումից հետո հանդիպում եղել է պարոն Չալաբյանի և երկու անգամ Էմմա Սարգսյանի հետ։  Ես չեմ ճանաչել պարոն Չալաբյանին մինչև ինձ ներկայացնելը։ Էմմա Սարգսյանն է ինձ ներկայացրել պարոն Չալաբյանին, ասել է, որ նա քաղաքական ուժի ներկայացուցիչ է։ Ես այդ ժամանակ հարց եմ տվել, թե ո՞ր քաղաքական ուժի՝ Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյան, իրենք ասեցին՝ ոչ մեկի հետ բացարձակ կապ չունեն, և ես համաձայնեցի հանդիպել պարոն Չալաբյանի հետ Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարանում։

Հանդիպմանը ներկա էին նաև Էմմա Սարգսյանը և ևս մեկ տղամարդ, որին չեմ հիշում, թե ով էր։ Մի կես ժամ ենք խոսել, պարոն Չալաբայնը երկրի բարելավման, զարգացման վերաբերյալ իր հայացքներն է ներկայացրել, թե՝ ինչ գործունեություն է ծավալում հայրենիքի համար»,- ասաց Թոռնիկ Ալիյանը։   
 
Դատախազի այն հարցին, թե իր հետ կոնկրետ 2000 հոգու և 2 միլիոն դրամի մասին ինչ խոսակցություն է եղել, և Ալիյանից ինչ է կոնկրետ պահանջվել, Թոռնիկ Ալիյանն ասաց, որ երևի միանային ակցիային, բայց բուն քննարկում այդ մասով չի եղել։

«Երբ ինքը թիվն է ասել, ես քմծիծաղով եմ սկսել խոսել։  Այսինքն՝ ի՞նչ ես խոսում դու, 2000 հոգի երկու միլիոնո՞վ...  ի՞նչ,  մի հոգին հազար դրա՞մ. այսպիսի քննարկում է եղել: Թե ինքը ում կողմից է առաջարկել՝ ես չեմ կարող ասել։ Իրենք ինձ վերջնական միտք չեն ասել, թե երկու միլիոնով 2000 ուսանողն ինչ պետք է անեին, որ ես ասեմ՝ սրա համար են ինձ կանչել կամ սրա համար են տալիս այդ գումարը։ Իսկ նախավերջին զանգի ժամանակ ես ասել եմ, որ չենք ուզում քաղաքականացվենք, մենք չկանք նման բաներում»,- ասաց Թոռնիկ Ալիյանը։