Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաստաբանը պարզաբանում է «Փաստինֆո»-ի դեմ Տիգրան Ավինյանի և ANIF-ի ներկայացրած հայցապահանջը

Փաստաբանը պարզաբանում է  «Փաստինֆո»-ի դեմ Տիգրան Ավինյանի և ANIF-ի ներկայացրած հայցապահանջը
Իրավունք
19:07, 20 март 2023
Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲԸ-ն (ANIF) և Տիգրան Ավինյանը  քաղհայց են ներկայացրել «Փաստինֆո» լրատվական կայքի («Փաստինֆո» ՍՊԸ) դեմ՝ «պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջների» մասին։

Հիշյալ  հայցապահանջով  համահայցվորների ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանը Civic.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ հայցապահանջի հիմք են հանդիսացել հիշյալ կայքում ս.թ. փետրվարի 20-ին զետեղված հրապարակման մեջ գործածված մի շարք արտահայտություններ։ Մասնավորապես. «Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է, գործ ունենք բացահայտ քաղաքական կոռուպցիայի դրսևորման հետ»։ ԱՆԻՖ-ը շտապեց իր հովանու տակ վերցնել քաղաքական իշխանության քաղաքապետի թեկնածուին, թե նա աշխատավարձ չի ստանում, սակայն հրաժարվեց հրապարակել, թե Ավինյանը երբ է հրաժարվել աշխատավարձից, չտրամադրեց նաև կանոնադրությունը, քանզի խնդիրն այս պարագայում ամենևին էլ միայն աշխատավարձը չէ։ ...«Փաստինֆո»-ին, ի վերջո, հաջողվեց ձեռք բերել այն, ինչը տվեց այդ հարցի պատասխանը, թե ինչու էին կառավարությունն ու ԱՆԻՖ-ը այդպես ջանասիրաբար փորձում այն գաղտնի պահել։ Բանն այն է, որ կանոնադրությունն ապացուցում է քաղաքական կոռուպցիայի կասկածները։ ...Ավինյանն այսօր խախտում է օրենքը, և նրա նշանակումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում կատարվել է լիազորությունների չարաշահմամբ, ինչն արդեն հանցավոր արարք է, իսկ իրավասու մարմինները աչք են փակում։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քաղաքական հովանավորչություն, քաղաքական կոռուպցիայի տիպիկ օրինակ»։ 

«Երբ հայտարարվում է՝ որևէ  անձ ապօրինի է պաշտոնավարում, օրենքի խախտմամբ և այլն, տվյալ անձը մեղադրվում է մի արարքում, որի վերաբերյալ չկա լիազոր մարմնի որոշում։ Կարելի է ասել՝ դիցուք, «ըստ մեզ՝  խախտվել է այսինչ օրենքի այսինչ հոդվածը, բայց ոչ՝  ապօրինի է պաշտոնավարում, լիազորություններն է չարաշահում  և այլն»,-նշեց փաստաբանը։ Բացի դրանից, ըստ նրա, հրապարակման մեջ նկարագրվում են այնպիսի գործողություններ, որոնք հանցագործության հատկանիշ են պարունակում՝ «քաղաքական կառուպցիա», և այսպիսով Քրեական օրենսգրքով նախատեսված արարքների ենթադրյալ մեղսագրում է կատարվում։ Մինչդեռ, ըստ փաստաբանի,  Վճռաբեկ դատարանի, Սահմանադրական դատարանի  համապատասխան որոշումներում նշվում է, որ «եթե անձին մեղադրում ես քրեական հանցակազմով նախատեսված արարքի մեջ, ապա դա կարող է լինել զրպարտություն»։