Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը Կարեն Քոչարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Արսեն Թորոսյանից և վիրավորանքի համար որպես փոխհատուցում վճարել 300 հազար ՀՀ դրամ

Դատարանը Կարեն Քոչարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Արսեն Թորոսյանից և վիրավորանքի համար որպես փոխհատուցում վճարել 300 հազար ՀՀ դրամ
Իրավունք
18:04, 21 март 2023
2020 թվականի դեպտեմբերի 4-ին, այն ժամանակվա առողջապահության նախարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ պահանջելով դատարանից Կարեն Քոչարյանին պարտավորեցնել իր հասցեին արված վիրավորական արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում բռնագանձել։

Կարեն Քոչարյանը Արսեն Թորոսյանի վերաբերյալ վիրավորական և հայհոյանքներով զուգորդված գրառում էր կատարել 2020 թվականի նոյեմբերի 23-ին։ Բացի ներողություն խնդրելու պահանջը, Թորոսյանը որպես փոխհատուցում պահանջել էր նաև 1 մլն դրամ։

Դատարանը Արսեն Թորոսյանի հայցն ընդդեմ Կարեն Քոչարյանի՝ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին, բավարարել է մասնակի։

Համաձայն վճռի՝ Կարեն Քոչարյանը պարտավորվում է հանրայնորեն ներողություն խնդրել Արսեն Թորոսյանից և որպես փոխհատուցում վճարել 300 հազար ՀՀ դրամ։ Բացի այդ, դատարանը վճռել է Կարեն Քոչարյանից հօգուտ Արսեն Թորոսյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցի մասով պետական տուրքի նախապես վճարված գումար և ևս 250.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Կարեն Քոչարյանը կատարել է դատարանի վճիռը և իր ֆեյսբուքյան էջում ներողություն խնդրել Արսեն Թորոսյանից։ Ապա՝ մեկ օր անց, հեռացրել կամ փակել է ֆեյսբուքյան այդ գրառումը։

Վովա Հակոբյան