Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թալանի փրկության շաժումը» փոխակերպվել է «ապօրինի գույքի պաշտպանության ճակատի». ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ապօրինի ծագում ունեցող գույք ունեցողների ցանկում է. Ցանկում են «ճակատի» այլ անդամներ

«Թալանի փրկության շաժումը» փոխակերպվել է «ապօրինի գույքի պաշտպանության ճակատի». ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ապօրինի ծագում ունեցող գույք ունեցողների ցանկում է. Ցանկում են «ճակատի» այլ անդամներ
Իրավունք
20:00, 22 март 2023
ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած  գործընթացը, որի սնանկությանը անդրադարձել ենք նախորդիվ, իր բովանդակությամբ հիշեցնում է քաղաքական հետապնդում՝ իրականացվող  նախկին իշխանության և նրանց հետ աֆիլացված ներկայացուցիչների կողմից։  

Փաստորեն, ընդդիմությունը, որը նախկին իշխանության հերթական ներկայացուցչին մեղադրանք առաջադրելուց, կալանավորելուց հետո  իշխանությանը մեղադրում էր և է քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ, ինքն է այժմ Սաֆարյանի դեմ նման հետապնդում սանձազերծել։  Գործընթաց, որի շահառուները, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ձևակերպմամբ, «ապօրինի գույքի պաշտպանության ճակատ»-ի ներկայացուցիչներն են։ 

Հիշեցնենք, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնող  26 պատգամավոր՝ խորհրդարանի մեկ հինգերորդը,  նախորդ տարի դիմել է Սահմանադրական դատարան՝ ԱԺ-ի կողմից 2020 թ. ապրիլի  16-ին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը  որոշելու վերաբերյալ։ Փաստենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասը վիճարկում է այն օրենքի սահմանադրականությունը, որի «շահառուները»  իրենց պատգամավոր գործընկերներն են։ Եվ ոչ միայն պատգամավոր։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՍԴ-ում, որն էլ  պետք է քննարկի  օրենքի սահմանադրականության հարցը, պաշտոնավարում է մի դատավոր՝ ՍԴ նախկին նախագահ  Հրայր Թովմասյանը, որի դեմ ՀՀ գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցապահանջ է ներկայացրել: Դատախազության ներկայացրած  ցուցակում, որը վերջերս հրապարակվել էր կայքերից մեկում,  Թովմասյանից բացի՝ հայցապահանջ է ներկայացվել  երկու տասնյակից ավելի ներկա և նախկին պաշտոնյաների ու վերջիններիս փոխկապակցված անձանց դեմ։ Մասնավորապես՝ ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյան, վերջինիս եղբայր՝  ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյան (և նրա զավակները),  ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյան, ԱԺ պատգամավոր,  ՀՀ պաշտպանության նախկին նախարար  Սեյրան Օհանյան,  ԱԱԾ ՊՊԾ նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյան, Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյան, ԱԺ նախկին պատգամավոր, ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյան և այլք։ 

ԱԺ ընդդիմադիրները ոչ մի խնդիր չեն տեսնում այն հանգամանքում, որ  ՍԴ իրենց  «յուրայինը» համարվող դատավորներից մեկը պաշտոնավարում է բարձր, հեղինակավոր դատարանում՝ այն դեպքում, երբ վիճարկվում է  նրա գույքի օրինականությունը,  բայց գործընթաց են սկսել  ՍԴ մեկ այլ դատավորի դեմ, որը, ըստ իրենց հայթայթած «սենսացիոն ապացույցների», իր անունով գրանցված ԱՁ-ն ՍԴ դատավոր դառնալուց հետո է  փակել և այսպիսով «աշխարհացունց» խախտում թույլ տվել։ Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ Թովմասյանի «աչքի գերանը թողած»՝ Սաֆարյանի «աչքի փուշն» են քննարկում։    

Ի դեպ, Սեդա Սաֆարյանի դեմ սկսված գործընթացը դեժավյու  հարուցեց. ԱԺ-ի հարկի ներքո առաջին անգամ չէ, որ հոլովվում է ՍԴ անդամ-դատավորի անուն, քննարկվում  նրա լիազորությունները դադարեցնելու հարցը։  Խորհրդարանը  մեկ անգամ արդեն՝ 2019-ին, անցել է նման գործընթացի միջով, երբ քննարկվում էր նույն Հրայր Թովմայանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը՝ առերևույթ էական կարգապահական խախտում կատարելու հիմքով։  Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու որոշման 94-էջանոց նախագծում մանրամասնորեն ներկայացված են այն էական կարգապահական խախտումները, որոնք ՍԴ-ն թույլ է տվել նախկին նախագահ, «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումի քննության ընթացքում:  

(Սա այն շրջանն էր, երբ Քոչարյանը դատական տարբեր ատյանների, ընդհուպ՝ ՍԴ-ի միջոցով փորձում էր լուծել իր ազատության մեջ գտնվելու հարցը, և, նկատենք, որոշ դատավորներ նրան այդ հարցում ծառայություն մատուցեցին)։

Ազգային ժողովի ընդունած համապատասխան նախագծում, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի թույլ տված էական կարգապահական խախտումներն էին: Շուրջ 100-էջանոց փաստաթղթում ներկայացված էր չորս հիմք։ Դրանցից  մեկը, որով խախտվել էր բարձր դատարանի անաչառության սկզբունքը, ՍԴ նախագահի և ՀՀԿ-ի փոխկապակցվածությունն էր, Թովմասյանի անդամակցությունը ՀՀԿ-ին, որի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերը համընկնում են «Մարտի 1»-ի գործով: Հիմքերից հաջորդը  Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հետ Հրայր Թովմասյանի քավոր-սանիկական կապն էր, որի մասին Թովմասյանը չէր բարձրաձայնել: Հաջորդ  հիմքը «Մարտի 1»-ի գործով Թովմասյանի նախկին դիրքորոշումներն էին, որոնք բխել են նախկին իշխանության շահերից:

Եվ վերջապես, Քոչարյանի դիմումը վարույթ ընդունելիս պետք է քննարկվեր դատավորի մասնակցության անհնարինության վերաբերյալ հարցը, ինչի վերաբերյալ որոշում առկա չէր: Նկատենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել,  որով հիմնավորել էր Թովմասյանի մասնակցության անհնարինությունը Քոչարյանի դիմումի քննությանը: 

Ի դեպ, ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել Հ. Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը։    

Վերադառնալով քաղաքական հետապնդման թեմային՝ նշենք, որ երբ Հրայր Թովմասյանի վերաբերյալ այս գործընթացն սկսվել էր, նրա «ֆան ակումբի» ներկայացուցիչները մի գլուխ հայտարարում էին, թե ՀՀ-ում «իրավական վախկանալիա է», բարձր դատարանի դատավորը իր գործունեության, «սկզբունքային լինելու» համար  հետապնդման է ենթարկվում և այլն։ Նույն՝ «քաղաքական հետապնդում» որակումն էր հնչում Հ. Թովմասյանի փաստաբանական թիմի կողմից նաև այն ժամանակ, երբ վերջինիս  մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Քրգործը վերաբերում է Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործընթացին։  Այս գործով մյուս  ամբաստանյալը Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանն է՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետը։ 

Արդեն հայտնել ենք, որ ՍԴ դատավոր Ս. Սաֆարյանի կողմից կատարված խախտման  վերաբերյալ «մասնագիտական վերլուծություն» կատարած և ԱԺ միջնորդագիր ներկայացրած փաստաբաններից մեկը  Արսեն Բաբայանն է։ Նա, երբ Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր էր ընտրվում ԱԺ-ի կողմից,  աշխատում էր որպես ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Խոսքը հետևյալի մասին է՝ որպեսզի ՀՀԿ պատգամավոր Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվեր ոչ թե նոր Սահմանադրությամբ նախատեսված 6 տարի ժամկետով, այլ դեռ գործող Սահմանադրությամբ՝ մինչև 70 տարեկանը լրանալը, մի խումբ պաշտոնատար անձինք Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ զավթել են իշխանությունը և այնպես են արել, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մարտի 21-ին նշանակվի ՍԴ նախագահ։ 

Հեղինե Մանուկյան