Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ-ն արդյոք ՀՀ Սահմանադրությանը համապատասխան կճանաչի՞ Հռոմի ստատուտը. Գործի քննությունը նշանակված է մարտի 24-ին

ՍԴ-ն արդյոք ՀՀ Սահմանադրությանը համապատասխան կճանաչի՞ Հռոմի ստատուտը. Գործի քննությունը նշանակված է մարտի 24-ին
Իրավունք
13:12, 23 март 2023
ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին  քննության կառնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ  ՍԴ պաշտոնական կայքի «Սահմանադրական դատարանի նիստերի ժամանակացույց» բաժնից։  Սույն գործի քննությունը, նշենք,  երկու անգամ հետաձգվել է՝ «ելնելով լրացուցիչ նյութերի ուսումնասիրման անհրաժեշտությունից»։ Գործի քննությունը գրավոր ընթացակարգով է։ 

Նշենք, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՀՀ-ն իրավունք ձեռք կբերի դիմելու Միջազգային քրեական դատարան ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, քանի որ կանոնադրության վավերացումից հետո ՀՀ տարածքում կատարված հանցագործությունները, որոնք նախատեսված են Կանոնադրությամբ, այդ թվում՝ նաև պատերազմական, ենթակա են լինելու դատարանի իրավազորությանը, ինչը կարող է կանխարգելիչ և զսպող միջոց հանդիսանալ ՀՀ հարևան թշնամի երկրների համար։ 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այս հարցով անցած տարեվերջին էր դիմել երկրի բարձր դատարանին, և  եթե ՍԴ-ն  առարկություններ չունենա՝ փաստաթուղթը  կվավերացվի։

«1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այն 2022թ. դեկտեմբերի 29-ի՝ Կառավարության նիստի օրակարգի հարցերից էր) հիմնավորման մեջ  մասնավորապես նշված է. «Ինչ վերաբերում է Կանոնադրության որոշ հոդվածների սահմանադրականությանը, կարևոր է փաստել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2004թ. որոշման (ՍԴ-ն խնդրո առարկա փաստաթուղթը 1995 թ. ընդունված  Սահմանադրությանը հակասող էր ճանաչել-խմբ.) կայացումից անցել է մոտ երկու տասնամյակ, որի ընթացքում տեղի են ունեցել ներքին և արտաքին հասարակական, քաղաքական և իրավական լրջագույն զարգացումներ, երկու անգամ փոփոխվել է ՀՀ Սահմանադրությունը, և Կանոնադրության դրույթների՝ Սահմանադրության համապատասխանության հարցն անհրաժեշտ է գնահատել նորովի՝ ի թիվս այլնի նաև հաշվի առնելով իրավական ընկալումների զարգացումները։ ...ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության շուտափույթ վավերացումը շատ կարևոր է, քանի որ վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված և Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաև պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար»:

Հայաստանի Հանրապետությունը Կանոնադրությունը ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին։ Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ից: 

Ի դեպ, Հայաստանը նախատեսում է կանոնադրությունը վավերացնել հետադարձ ուժով՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ճանաչել 2021 թվականի մայիսի 12-ից ի վեր։

Հ. Մ.