Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի աջակից Նարեկ Սամսոնյանը դատարանի վճռով ստիպված է եղել հերքել Շուշան Փաշինյանի վերաբերյալ սուտ գրառումը և փոխհատուցել

Քոչարյանի աջակից Նարեկ Սամսոնյանը դատարանի վճռով ստիպված է եղել հերքել Շուշան Փաշինյանի վերաբերյալ սուտ գրառումը և փոխհատուցել
Իրավունք
14:19, 24 март 2023
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Լ. Գրիգորյանի,  մասնակի բավարարել է  «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի և «Antifake» լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանի ներկայացրած հայցը։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ datalex.am տեղեկատվական կայքից։ 

Ըստ հրապարակված վճռի. «2023 թվականի հունվարի 20-ին, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Շուշան Նիկոլի Փաշինյանի ընդդեմ Նարեկ Բագրատի Սամսոնյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, դատարանը վճռել է պարտավորեցնել պատասխանող Նարեկ Բագրատի Սամսոնյանին իր ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջում, իսկ դրա անհնարինության դեպքում հազար տպաքանակ ունեցող ՀՀ տպագիր մամուլում, հրապարակայնորեն հերքելու հետևյալ արտահայտությունները. «Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը հոր՝ վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սև իկռան: (...) Երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում: Տենց 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3.000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխեն էդ մի կիլոյի գլուխը կերած ա լինում:

(...) Նա մարդ ա, որի երեխեն կիլոն 3000 դոլարի սև իկռայա ուտում ամիսը 2 կիլոյի չափ ու ինքն «ապշում» ա 500$-ից» հետևյալ ձևով. «Ես՝ Նարեկ Բագրատի Սամսոնյանս, հրապարակային հերքում եմ իմ 26/01/2020թ.-ին, երեկոյան ժամը 8:15 րոպեին կատարված հետևյալ՝ «Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր` վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սև իկռան: (...) Երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում: Տենց 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3.000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխեն էդ մի կիլոյի գլուխը կերած ա լինում: (...) Նա մարդ ա, որի երեխեն կիլոն 3000 դոլարի սև իկռայա ուտում ամիսը 2 կիլոյի չափ ու ինքն «ապշում» ա 500$-ից» արտահայտությունները, դրանք չեն համապատասխանում իրականությանը: 

Դատարանը վճռել է նաև  պատասխանող Նարեկ  Սամսոնյանից հօգուտ Շուշան  Փաշինյանի (օրինական ներկայացուցիչներ՝ Նիկոլ Վովայի Փաշինյան, Աննա Վաչիկի Հակոբյան) բռնագանձել 8.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև բռնագանձել  70.000 ՀՀ դրամ՝ որպես Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար հայցվորի կողմից վճարված պետական տուրքի գումար: 

Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»:

Նշենք, որ հայցվորը պահանջել էր որպես իր պատվին և արժանապատվությանը հասցված ոչ նյութական վնաս բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումար: 

Հայցվորի ներկայացուցիչներ Դավիթ Հունանյանը և Վանիկ Մարգարյանը, ներկայանալով դատական նիստերին, հայտնել են, «որ պատասխանողը որևէ ապացույց և հիմնավորում չի ներկայացրել հրապարակման մեջ նշված փաստերի իրականությանը համապատասխանելու վերաբերյալ, որը նշանակում է, որ դրանք սուտ են և անհիմն: Ավելին, պատասխանողը թիրախավորել է երեխային՝ համընդհանուր քննարկման թեմա դարձնելով անչափահաս երեխայի անձը: Պատասխանողի այն պատճառաբանությունը, որ ինքը նպատակ չի ունեցել քննադատել երեխային, չի համապատասխանում իրականությանը, քանի որ երեխային կոնկրետ գործողություններ են վերագրվել, ինչպես նաև նյութի վերաբերյալ մեկնաբանություններում երեխայի հասցեին վիրավորական արտահայտություններ են արվել»:

Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հերքման տեքստը՝ կից իրեն հատուկ ոճի մեկնաբանություններով, և հավելել, որ որոշել է չբողոքարկել վճիռը՝ «քանի որ չենք ցանկանում հերթական դատավորի հետապնդման առիթ դառնալ»։   
 
Հիշեցնենք, որ  15.10.2021թ. ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, դատավոր՝ Զարուհի Նախշքարյան,  թիվ ԵԴ/7486/02/20 դատական գործով 18.06.2021 թվականին կայացված վճիռը բեկանվել և գործն ամբողջ ծավալով ուղարկվել է ստորադաս դատարան նոր քննության:  
 
Ելենա Ազատյան