Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակած անձը կալանավորվել են

Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակած անձը կալանավորվել են
Իրավունք
16:20, 24 март 2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Է. Խ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչի պաշտոնը, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի օժանդակությամբ ստացել է ընդհանուր շուրջ 390.000 ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գ.-ն և Հ. Հ.-ն քաղաքացիներ Ս. Թ.-ին և Ռ. Հ.-ին ուղղորդել են ՃՈ տեսուչին կաշառք տալու դիմաց ձևական բնույթ կրող քննություններով վարորդական վկայականներ ստանալու հարցում: Այնուհետև հիշյալ քաղաքացիները Ս. Գ.-ի և Հ. Հ.-ի միջոցով որպես կաշառք ընդհանուր շուրջ 390.000 ՀՀ դրամ են փոխանցել ՃՈ ավագ տեսուչ Է. Խ.-ին:

Կաշառքի գումարը ստանալուց հետո տեսուչ Է. Խ.-ն, շահադիտական դրդումներից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և իր պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ, այն է՝ տեսական քննության ժամանակ վերը նշված դիմորդներին թույլատրել է օգտագործել տեխնիկական միջոցներ և դրանցով կապ հաստատել Ս. Գ.-ի հետ, ով նրանց թելադրել է տեսական քննության թեստի ճիշտ պատասխանները:

Այնուհետև Է. Խ.-ն կազմել է կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ կեղծ արձանագրություններ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ:

Քրեական վարույթի շրջանակում ՃՈ տեսուչ Է. Խ.-ն, ինչպես նաև Ս. Գ.-ն, Հ. Հ.-ն և դեպքին առնչվող մի շարք այլ անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:

23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Մեղադրանք է ներկայացվել նաև Ս. Գ.-ին՝ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):

Նույն օրը քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Է. Խ.-ի և Ս. Գ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է: