Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուժեղ իշխանությունը կարիք չունի, որ իր պաշտոնյաները քաղաքացիներից ավելի պաշտպանված լինեն»․ Բորիս Նավասարդյան

«Ուժեղ իշխանությունը կարիք չունի, որ իր պաշտոնյաները քաղաքացիներից ավելի պաշտպանված լինեն»․ Բորիս Նավասարդյան
Իրավունք
17:49, 17 февраль 2021
Հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ՝ մշակված ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծով առաջարկվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու,  զրպարտելու համար պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի 5 հարյուր հազարից 3 միլիոն դրամի չափով կամ ազատազրկում առավելագույնը երկու տարի ժամկետով։

«Ըստ նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ այդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ  եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,- նշված է նախագծում, որ քննարկման է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծի հիմնավորմամբ ՝ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրվել կամ բռնություն գործադրելու սպառնալիք է եղել, մինչդեռ հնարավոր չէ եղել արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով, քանի որ վերը նշված կարգադրիչ լիազորությունը բացակայել է:

«Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նասարդյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախագծին, ասաց․ «Ես այդ նախագիծը ընկալում եմ խոստովանություն առ այն, որ Հայաստանում շատ թույլ  իշխանություն է, որովհետեւ եթե իշխանությունը ուժեղ է՝ կարիք չունի, որ իր պաշտոնյաները ավելի պաշտպանված լինեն, քան այլ քաղաքացիներ նաեւ զրպարտության եւ վիրավորանքի առումով, եւ նույնիսկ հաջողված պետություններում, որտեղ իշխանությունը իր գործառույթները արդյունավետ իրականացնում է, վայելում է վստահություն հասարակության շրջանում՝  նույնիսկ հակառակ մոտեցումն է, որ պաշտոնյաները առավել հանդուրժող լինեն եւ ավելի պակաս պաշտպանված զրպարտության եւ վիրավորանքի առումով, քան շարքային քաղաքացիները, եւ այդ կարգի խստացումները խոսում են այն մասին, որ իշխանությունը իրեն շատ անվստահ է զգում եւ զգում է, որ չի վայելում վստահությունը, հարգանքը քաղաքացիների կողմից, եւ դա ստիպում է իրեն պաշտպանվել»։

«Երկրորդ հանգամանքը, որ ուզում եմ նշել, դա իմ սկզբունքային մոտեցումն է, որ վիրավորանքը ընդհանրապես քրեական պատասխանատվության չպետք է ենթարկվի, որ վիրավորանքը դա զուտ անհատների միջեւ հարաբերություններին է վերաբերում  եւ պետք է քաղաքացիական օրենսգրքի շրջանակներում կարգավորվի։ Զրպարտությունը կարող է լինել քրեական օրենսգրքի մաս, եթե հստակ սահմանում կա, թե ինչ է զրպարտությունը։ Ըստ իս՝ զրպարտությունը անարդար մեղադրանք է հանցագործություն կատարելու վերաբերյալ եւ այո, այն կարող է քրեական օրենսգրքով, նամանավանդ եթե խոսքը գնում է ծանր հանցագործության մասին, դա պետության խնդիրն է, այլ ոչ միայն երկու քաղաքացիների հարաբերությունների արտացոլումը»,- հավելեց նա։

Civic.am-ի հարցին՝ ի՞նչ ազդեցություն կունենա նախագիծ ԶԼՄ-ների աշխատանքի վրա, Նավասարդյանը պատասխանեց․  «Միանշանակ կունենա, եթե խոսքը գնում է ԶԼՄ-ի հաղորդած տեղեկությունների մասին, որոնք կդառնան զրպարտության կամ վիրավորանքի համար մեղադրանքի առարկա, ապա դա բնականաբար տվյալ լրատվամիջոցի համապատասխան լրագրողի համար լուրջ վտանգ է»։

Գեղամ Ադյան