Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը վերացվում է․ կառավարությունը որոշումն ընդունեց

Ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը վերացվում է․ կառավարությունը որոշումն ընդունեց
Իրավունք
12:45, 18 февраль 2021
Կառավարությունը փետրվարի 18-ին որոշում ընդունեց վերացնելու ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը, Iravaban․net-ը։

Այս մասին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնում է․

«Օրեր առաջ խոստացել էի, որ կվերացնենք ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը։ Կառավարության այսօրվա համապատասխան որոշմամբ, այն արդեն իրականություն է․ վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը։

Ազատությունից զրկված անձինք այսուհետ կրկին հնարավորություն կունենան օգտվելու արտաքին աշխարհի հետ կապի իրավունքից, ինչը կնպաստի ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդմանը և վերասոցիալականացմանը:

Հիշեցնեմ, որ տեսակցությունները սահմանափակվել էին համավարակի ռիսկով պայմանավորված։ Ի ուրախություն բոլորիս, համալիր միջոցառումների իրականացման և դրանց նկատմամբ հետևողական աշխատանքի արդյունքում, ՔԿՀ-ներում վարակվածության նվազ ցուցանիշ ունենք (ՔԿՀ-ներում պահվող անձանցից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, բոլորն ապաքինվել են)։

Տեղեկացնեմ նաև, որ իրականացնելու ենք մոնիթորինգ՝ գործնականում նախաձեռնության հետևանքները մշտապես գնահատելու նպատակով,-նշել է նախարարը։