Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բնակարան գնելու պատրվակով 9000 ԱՄՆ դոլար գումար է խարդախությամբ հափշտակվել

Բնակարան գնելու պատրվակով 9000 ԱՄՆ դոլար գումար է խարդախությամբ հափշտակվել
Իրավունք
21:17, 24 май 2021
ՀՀ և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձից հաղորդում է ստացվել այն մասին, որ բնակարան գնելու պատրվակով իրենից 9000 ԱՄՆ դոլար գումար է խարդախությամբ հափշտակվել:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ քաղաքացին 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում որոշել է Արցախից Երևան տեղափոխված փախստական որևէ ընտանիքի տեղավորելու նպատակով բնակարան գնել: Տեսնելով օնլայն գնումների հարթակում՝ https://erevan.unibo.ru/m19080814/dvuh-komnatnaya-ne-dorogo.htm կայքում, տեղակայված Երևանի Սարյան փողոցում 18.000 ԱՄՆ դոլար արժողությամբ երկու սենյականոց բնակարանի վաճառքի մասին հայտարարություն՝ հեռախոսով կապ է հաստատել «բնակարանի սեփականատիրոջ»՝ «Վլադիմիրի» հետ: Վերջինս հայտնել է, որ բնակվում է Պորտուգալիայում և գնորդից պահանջել, որ նա իր իսկ հաշվեհամարին փոխանցի բնակարանի արժեքի կեսը՝ 9000 ԱՄՆ դոլար գումարը, կտրոնը նկարի և ուղարկի իրեն, որպեսզի համոզվի, որ այն գնելու համար գնորդն ունի անհրաժեշտ գումարը:

Պայմանավորվածության համաձայն՝ գնորդը հայաստանյան բանկերից մեկի մասնաճյուղից 2020թ. հոկտեմբերի 15-ին 9.000 ԱՄՆ դոլար գումար է փոխանցել «MoneyGramm» փոխանցման համակարգի իր հաշվեհամարին, որից հետո կտրոնը նկարել և ուղարկել է բնակարանն իբր վաճառող անձին: Մի քանի օր անց վերջինս կրկին հաղորդագրություն է ուղարկել գնորդին՝ մնացած 9.000 ԱՄՆ դոլար գումարն ուղարկելու պահանջով, ինչին նա չի համաձայնել: Կասկածելով, որ հնարավոր է խաբեության զոհ է դարձել, գնորդը ցանկացել է հետ ստանալ իր հաշվեհամարին փոխանցված գումարը, սակայն բանկից տեղեկացել է, որ ողջ գումարը ՌԴ Սարատովի մարզում իր իսկ անունով կանխիկացվել է:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է խարդախության մեխանիզմը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև հիշյալ անձի կողմից նույն տարբերակով մեկ այլ անձի հետ գործարք կատարելու փորձ վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ «Վլադիմիր» անվամբ ներկայացած անձի ինքնությունը պարզելու, նրա գործողություններից տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Վարույթն իրականացնող մարմինը հորդորում և զգուշացնում է քաղաքացիներին լինել զգոն՝ խարդախությունների զոհ չդառնալու համար, միաժամանակ խնդրում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր, հնարավոր է, տուժել են վերը նկարագրված անձի գործողություններից, դիմեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին կամ ՀՀ ոստիկանության մոտակա բաժին: