Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանը դատի է տվել ուրիշի առանձնատունն իրեն վերագրած Մանուել Մանուկյանին՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտությունը և ներողություն խնդրել

Սուրեն Պապիկյանը դատի է տվել ուրիշի առանձնատունն իրեն վերագրած Մանուել Մանուկյանին՝  պահանջելով  հրապարակայնորեն հերքել զրպարտությունը և  ներողություն խնդրել
Իրավունք
11:51, 29 март 2023
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել  ընդդեմ   Մանուել Մանուկյանի  («Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար)։ Հայցապահանջն է՝  պարտավորեցնել  Մանուկյանին   իր՝ Սուրեն Պապիկյանի վերաբերյալ ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և  հրապարակայնորեն ներողություն խնդրել։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ datalex.am-ից։ 

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հայցադիմումը (ներկայացվել է փետրվարի 24-ին) վարույթ է ընդունել մարտի 3-ին, դատավորն է Ռ. Բունիաթյանը։  Դատարանը նույն օրը բավարարել է հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը։    
 
Հիշեցնենք, որ ս.թ. հունվարի 24-ին ֆեյսբուքյան իր էջում Մ. Մանուկյանը ինչ-որ առանձնատան լուսանկար էր տարածել ՝  կից գրառմամբ. «Սուրեն Պապիկյանի դղյակը 2 տարում, իր հալալ քրտինքով, իր աշխատավարձով, պարգևավճարներով մարդը գնել է։ Ո՞վ կարա բան ասի: Լրիվ օրենքով է։ Կեցցե նազարը, կեցցե նիկոլը, կեցցե փրկիչը։ Նիկոլական դեմդ խոտ կա՞»: Մանուկյանի գրառումը տարածել էին մի շարք կայքեր։  ՊՆ-ն հերքել էր Պապիկյանի առնչությունը հիշյալ առանձնատանը։ 

«ՍիվիլՆեթի» փաստերի ստուգման թիմը (CivilNetCheck-ը) օրեր անց  Կադաստրի կոմիտեից ձեռք էր բերել Պապիկյանին վերագրվող   առանձնատան  կադաստրային գործերը  և պարզել, որ պաշտպանության նախարարին  վերագրվող առանձնատունը և կից հողամասը Երևանի Աջափնյակ թաղամասի Նազարբեկյան թաղամաս 57/17 և 57/9 հասցեներում են։ Առանձնատան սեփականատերը, ըստ փաստաթղթերի, ծնունդով Լիբանանից Կանադայի քաղաքացի Վաչե Պետրոսի Մինասյանն է։