Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը տրամադրված է բողոքարկել Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դատարանի որոշումը․ Գոռ Աբրահամյան

Դատախազությունը տրամադրված է բողոքարկել Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դատարանի որոշումը․ Գոռ Աբրահամյան
Իրավունք
15:44, 02 июнь 2021
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը՝ ԲԴԽ (ներկայումս լիազորությունները կասեցրած) նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցելուց չի հաղթահարել նրա անձեռնմխելիությունը։ 

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ դատախազության նախնական մոտեցումը՝ բողոքարկելն է, սակայն մինչև դատարանի որոշումը չստանան, հիմքերին ու պատճառաբանական մասին չծանոթանան վերջնական դիրքորոշում չեն կարող հայտնել՝ կբողոքարկեն, թե ոչ։

Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ ընդգծեց, որ դատական ակտն ստանալուց պարզ կլինի՝ հնարավոր է իրենք ևս բողոքարկեն․ «Հնարավոր է երկու կողմն էլ բողոքարկի՝ մենք պատճառաբանության մասով, իրենք՝ վերջնական լուծման մասով»։

Մեր հարցին՝ գոհ չե՞ք դատարանի կայացրած որոշումից՝ փաստաբանն արձագանքեց․ «Մենք տարբեր պատճառաբանություններ ենք բերել, դատարանը հնարավոր է բոլորը հիմք չի ընդունել»։

Հովհաննես Խուդոյանի մեկնաբանմամբ՝ դատարանի որոշումը նշանակում է, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական հետապնդումն ապօրինի է հարուցվել, իսկ դա նրա լիազորությունների կասեցման միակ հիմքն է, հետևաբար այս դատական ակտի կատարումը պետք է ենթադրի նրա լիազորությունների վերականգնում։ 

Մեր դիտարկմանը՝ այսինքն ԲԴԽ խորհրդի կողմից պե՞տք է քննարկվի նրա անձեռնմխելիության հարցը՝ փաստաբանն ընդգծեց, որ այդտեղ կրկին դատվելու սկզբունքի արգելք կա․ «Այս դեպքում հաստատվում է, որ գործի հարուցումն ապօրինի է եղել, և վերացվում է քրեական գործ հարուցելու մասին որոշումը»։ 

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը։ 

Ըստ մամուլի հրապարակումների՝ Վարդազարյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։ Հանցագործության մասին հաղորդումը վերաբերել է սպանության մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանին կալանքից ազատելու պարտադրանքին։ Նշենք, որ ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը չէր բավարարել Վահագն Աբգարյանի պաշտպանի միջնորդությունը՝ կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ, և այդ որոշումը կարող էր բողոքարկվեր Վերաքննիչ քրեական դատարանում։ Իսկ վերջերս հրապարակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի ձայնագրությունը՝ ըստ որի Ռուբեն Վարդազարյանը իրեն ևս պարտադրել է Վահագն Աբգարյանին ազատ արձակել՝ պատճառաբանելով Աբգարյանի պաշտպանությամբ հանդես եկող, «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի կողմից իրեն տևական ժամանակ շանտաժի ենթարկելու հանգամանքը։

Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանը բողոք էր ներկայացրել դատարան իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ՝ հիմքում դնելով իր անձեռնմխելիության հաղթահարման հարցը։ 

Նարա Մարտիրոսյան