Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը փակուղի է մտել. այն շուտով կվերակազմավորվի. «ՀԺ»

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը փակուղի է մտել. այն շուտով կվերակազմավորվի. «ՀԺ»
Իրավունք
11:25, 19 февраль 2021
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. 

«Հայկական ժամանակի» տեղեկություններով`Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը շուտով կվերաձեւավորվի: Հանձնաժողովի այն անդամները, որոնք ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, պատերազմից հետո առկա իրավիճակում այլեւս չեն ուզում աշխատել, կփոխարինվեն ուրիշներով: Թեկնածուներ առաջադրելու իրավասությունը Արդարադատության նախարարությանն է, այն ընդունելը՝ վարչապետինը:

Արդարադատության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ թեկնածուներին առաջիկայում կներկայացնեն:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ ասաց, որ այդ գործընթացի հետ կապված որեւէ նորություն այս պահին չկա: Խոսելով հանձնաժողովի որոշ անդամների փոխարինման մասին՝ Կիրակոսյանը նկատեց. «Քննարկման փուլում է վերակազմակերպման պրոցեսը, ընթացքի մեջ գտնվող հարց է, ոչ մի բան չի բացառվում»:

Մեր ունեցած տեղեկություններով` աշխատելու ցանկության բացակայության պատճառով կարող են փոխարինվել, օրինակ, Կարեն Զադոյանը, Արթուր Ղամբարյանը, Գագիկ Թավադյանը, Անահիտ Մանասյանը, Լեւոն Գեւորգյանը: Արսեն Թավադյանը դեռ տատանվում է՝ ուզո՞ւմ է շարունակել աշխատել հանձնաժողովի կազմում, թե՞ ոչ:

Հանձնաժողովի աշխատանքներին այլեւս մասնակցելու ցանկություն չունի նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը: Պատճառաբանությունը նույնն է՝ հետպատերազմական իրավիճակում դրա ժամանակը չէ: Վաղուց նիստերին չի մասնակցում նաեւ ԲՀԿ-ի գործուղած ներկայացուցիչը՝ Գեւորգ Պետրոսյանը: Վերջինս օրերս ԲՀԿ-ից դուրս է եկել: Այլ ներկայացուցիչ կնշանակի՞ ԲՀԿ-ն հանձնաժողովում, թե՞ ոչ, դեռ պարզ չէ: