Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՆ-ն բնակարանների վարձակալության վճարների վերանայման վերաբերյալ նախագիծ է ներկայացրել

ԱՆ-ն բնակարանների վարձակալության վճարների վերանայման վերաբերյալ նախագիծ է ներկայացրել
Իրավունք
16:36, 30 март 2023
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քաղաքացիական օրեսնգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ, որով առաջարկվում է սահմանել բնակարանի վարձակալության պայմանագրի շրջանակներում վարձակալ հանդիսացող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ:

Նախագծով մասնավորապես նախատեսվում է անորոշ ժամկետով կնքված բնակարանի վարձակալության պայմանագրից միակողմանի հրաժարվելու համար սահմանել նախնական ծանուցման վեցամսյա ժամկետ, իսկ բնակարանի վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի վերանայման նվազագույն ժամկետ սահմանել մեկ տարին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին ժամանակներում բնակարանների վարձակալության բնագավառում առաջացած գնաճը զգալի դեպքերում անբարենպաստ հետևանքներ է առաջացրել ՀՀ քաղաքացիների համար: Մասնավորապես դա դրսևորվել է վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարի չափի պարբերական աճով կամ վարձատուի միակողմանի կամահայտնությամբ վարձակալության իրավահարաբերությունները դադարեցնելու ցանկությամբ: Ընդ որում՝ բնակարանների վարձավճարի չափը շատ դեպքերում համադրելի չէ  քաղաքացիների ստացած միջին ամսական եկամուտի հետ:

Միաժամանակ, ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացված վարձակալական գործարքների վերլուծության տվյալների համաձայն՝ 2022 թվականի ընթացքում իրականացված բնակարանի վարձակալության գործարքների թիվը 2021 թվականի համեմատ աճել է 3.9%-ով, իսկ անհատական բնակելի տներինը՝ նվազել 26.4%-ով, ինչը խոսում է վարձակալության պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման խիստ ցածր ցուցանիշների մասին, ի տարբերություն փաստացի վարձակալության տրված բնակարանների քանակի:
Նշվածի արդյունքում վարձակալների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների սահմանման անհրաժեշտություն է առաջացել՝ հատկապես հաշվի առնելով բնակելի տարածքով ապահովված լինելու հանգամանքի կենսական կարևորությունը, ինչպես նաև քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ կառուցակարգերի ներդրման կարիքը:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի որոշակիորեն զսպել վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարի չափի պարբերական և անկայուն աճը, ինչպես նաև խթանել վարձակալության պայմանագրի կողմերի՝ վարձակալության պայմանագրերի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման օրենքով սահմանված կարգը պահպանելուն: