Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևն ու նրա ենթակայությամբ գործած հրամանատարները կարող են 30 տարի կամ ցմահ ազատազրկման դատապարտվել Միջազգային քրեական դատարանի կողմից. Բաքվի բռնակալը փորձում է պլստալ Պուտինի ձեռքերով

Ալիևն ու նրա ենթակայությամբ գործած հրամանատարները  կարող են 30 տարի կամ ցմահ ազատազրկման դատապարտվել Միջազգային քրեական դատարանի կողմից. Բաքվի բռնակալը փորձում է պլստալ Պուտինի ձեռքերով
Իրավունք
20:33, 30 март 2023
«Մոսկվան զգուշացրել է Երևանին», «Երևանը  կամք կցուցաբերի՞ Պուտինին ձերբակալելու համար», «Ռուսաստանաբնակ  հայերը անհանգստացել են», «Սա  Փաշինյանի ապտակն է ՌԴ-ին»... սրանք Ալիևի գրպանային լրատվամիջոցներում տեղ գտած տասնյակ  հրապարակումներից մի քանիսի  վերնագրերն են, այն հրապարակումների, որոնք վերաբերում են Հռոմի ստատուտի (Կանոնադրություն) վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշմանը։  Ակնհայտ է, որ ստատուտի հավանական վավերացումը, որը, ըստ ներպետական օրենսդրության ընթացակարգի, պետք է տեղի ունենա հաջորդիվ, փոթորկել է ոչ միայն ռուսական, այլ նաև ադրբեջանական վերնախավի «անմեղ հոգիները»՝ ստիպելով վերջիններիս  կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել վավերացումը, այսինքն՝ Կանոնադրությանը միանալու գործընթացը վիժեցնելու համար։ 

«Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը Հայաստանի հնարավոր միանալու հարցը դաշնակցային լուծում կստանա»,-այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` նշելով, որ Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով բարձր մակարդակով քննարկումներ են ընթանում: Նկատենք, որ ադրբեջանական պրոպագանդան խնդրո առարկա ստատուտի հավանական վավերացման թեման  տիրաժավորում է  ոչ թե Ադրբեջանի ղեկավար կազմին սպառնացող գործընթացի  համատեքստում, այլ  մի քայլ, որն արվում է ՌԴ նախագահ Վ. Պուտինին ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի կողմից  տրված  օրդերը կյանքի կոչելու միտումով։ 

Ռուս քաղաքագետներից  Սերգեյ Մարկովը Բաքվի հեռուստաալիքներից մեկի խնդրանքով օրերս մեկնաբանել էր ՀՀ ՍԴ-ի կողմից Հռոմի ստատուտը  ՀՀ Սահմանադրությանը չհակասող  ճանաչվելու փաստն ու   իրեն հատուկ ցինիզմով  լուտանքներ տեղացել  ՀՀ ղեկավարի հասցեին, նրան անվանել «դավաճան», «լպիրշ»։ Ըստ հիշյալ քաղաքագետի՝ շատ երկրներ են միացել Միջազգային քրեական դատարանին, «բայց Հայաստանն ընտրեց Դատարանին միանալու՝  ՌԴ-ի համար ամենավիրավորական ժամանակը»՝ մի քանի օր անց, երբ այդ կառույցը Պուտինին ձերբակալելու օրդեր տվեց։  «Իհարկե, սա  Փաշինյանի կողմից վիրավորանք է  Պուտինի հանդեպ,  սա ապտակ է Փաշինյանի կողմից՝ ուղղված   Պուտինին և ՌԴ-ին։ Այս որոշումը հուշում է, որ Փաշինյանը մտադիր է խզել կապերը ՌԴ-ի հետ, որ նա չի հարգում ՌԴ-ին և նախագահին։ Այս որոշումը վկայում է այն մասին, որ Հայաստանը ՌԴ-ի ոչ թե դաշնակիցն է, այլ՝ դավաճան, և ՌԴ-ն դրան  պետք է  հենց  այդպես էլ վերաբերվի»։ Սույն քաղաքագետի խոսքով՝  այսպիսի էգոիստական, դավաճանական քաղաքականության պատճառով   ՌԴ-ն ավելի վաղ էր վերանայել իր պրոհայկական դիրքորոշումն  ու չեզոքություն էր  ցուցաբերում։ «Սակայն եթե նման ակնհայտ դավաճանություն տեղի ունենա ՀՀ-ի կողմից, ՌԴ-ն ամենայն հավանականությամբ ընտրությունը կկատարի հօգուտ Ադրբեջանի»,- հոխորտացել է ռուս քաղաքագետը։  Ադրբեջանական պրոպագանդան որոշել է շախմատային տրամաբանությամբ գործել՝  Ալիևին սպառնացող վտանգը չեզոքացնել Պուտինի ձեռքով, փրկել Ալիևին պուտինացումից՝   Պուտինի կարգավիճակում  մոտ ապագայում  հայտնվելուց։  

Հարկ է նկատել, որ ՍԴ որոշումից մեկուկես օր հետո ադրբեջանական զինուժը սկսեց դիրքային առաջխաղացումը Արցախում, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։  Արդյոք սա ՌԴ-ի ռեակտիվ արձագա՞նքն էր ստատուտի հավանական վավերացմանը։   

Այդքան «սարսափելի» Հռոմի ստատուտը  հանցագործության վաղեմության ժամկետ չի ճանաչում 

Արդ հպանցիկ դիտարկելով ստատուտը՝ ներկայացնենք, թե ինչ է նախատեսում այն իր իրավազորությանը ենթակա այնպիսի գործողությունների համար, որոնք ընդդեմ մարդկության են և միջազգային իրավունքի։  Նախ շեշտենք, որ  դատարանին ընդդատյա հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում: Կանոնագրության համաձայն՝ Դատարանին ընդդատյա են հետևյալ հանցագործությունները.  
  1. ցեղասպանության հանցագործություն
  2. մարդկության դեմ ուղղված հանցագործություններ 
  3. պատերազմական հանցագործություններ 
  4. ագրեսիայի հանցագործություն:
Կանոնադրության 8-րդ հոդվածով  սահմանվում է մասնավորապես  «պատերազմական հանցագործություն» եզրույթը (1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների լուրջ խախտումները)։ Այդ հասկացությունը ներառում է հանցագործությունների լայն սպեկտոր, որոնց մի մասը կատարվել է Ադրբեջանի կողմից։  Պատերազմական հանցագործություն է  դիտավորյալ սպանությունը,  խոշտանգումը կամ անմարդկային վերաբերմունքը՝  ներառյալ կենսաբանական փորձերը,  դիտավորությամբ ծանր տառապանքներ պատճառելը կամ մարմնական լուրջ վնասվածք հասցնելը, կամ առողջությունը լրջորեն վնասելը, գույքի անօրինական, անիմաստ և խոշորածավալ ոչնչացումն ու յուրացումը՝ չպայմանավորված ռազմական անհրաժեշտությամբ,  ռազմագերուն կամ պաշտպանյալ այլ անձի՝ հակառակորդ պետության զինված ուժերում ծառայելուն հարկադրելը, ոազմագերուն կամ պաշտպանյալ այլ անձի անաչառ և բնականոն դատական քննության իրավունքից զրկելը։  Ինչպես նաև՝ անօրինական բռնագաղթը կամ տեղահանությունը, կամ անօրինական ազատազրկումը, պատանդներ վերցնելը, միջազգային իրավունքի շրջանակներում գործող միջազգային զինված ընդհարումների ժամանակ կիրառվող օրենքների և սովորույթների այլ լուրջ խախտումները։  Մասնավորապես՝ դիտավորությամբ կատարված հարձակումները ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչության, որպես այդպիսին, կամ առանձին քաղաքացիական անձանց վրա,  դիտավորությամբ կատարված հարձակումները քաղաքացիական,  այսինքն՝ այնպիսի օբյեկտների վրա,  որոնք ռազմական նպատակակետ չեն։  Դիտավորությամբ կատարված հարձակումները մարդասիրական օգնության աշխատանքներին ներգրավված  անձնակազմի, օբյեկտների, նյութերի, ստորաբաժանումների կամ փոխադրամիջոցների, կամ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության համաձայն ներգրավված խաղաղարար առաքելությունների վրա՝ քանի դեռ նրանք, ըստ զինված ընդհարումների միջազգային իրավունքի, ունեն պաշտպանության իրավունք, որից օգտվում են քադաքացիական անձինք կամ քաղաքացիական օբյեկտները, դիտավորությամբ կատարված այնպիսի հարձակումը, երբ հարձակումն իրականացնողը հստակ գիտակցում է, որ այն կհանգեցնի քաղաքացիական անձանց պատահական մահվան կամ ավելորդ խեղումների, կամ կվնասի քաղաքացիական օբյեկտները, կամ լայնածավալ, տևական ու լուրջ վնաս կպատճառի շրջակա միջավայրին, որն ակնհայտորեն անհամաչափելի կլինի կոնկրետ և անմիջականորեն ակնկալվող ռազմական ընդհանուր առավելությանը։ Նաև՝ հարձակումն անպաշտպան և ռազմական նպատակակետ չհանդիսացող քաղաքների, գյուղերի, կացարանների կամ շինությունների վրա կամ դրանց ռմբակոծությունը՝ անկախ դրանց կատարման միջոցներից։  Մարտիկի սպանությունը կամ նրան վիրավորելը, որը, զենքը վայր դնելով կամ պաշտպանության միջոցներ այլևս չունենալով, անվերապահորեն անձնատուր է հղել։  

Կանոնադրությամբ նախատեսված  «պատերազմական հանցագործություններ» են համարվում նաև  դիտավորությամբ կատարված հարձակումները կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծառայող շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների և այն վայրերի վրա, ուր կենտրոնացած են հիվանդներ ու վիրավորներ, պայմանով, որ նշված օբյեկտները ռազմական նպատակակետեր չեն։  

Կանոնադրությունը տարածվում է բոլորի վրա՝ անկախ պաշտոնեական դիրքից

Կանոնադրության 26-րդ հոդվածը  սահմանում է  պաշտոնեական դիրքը վկայակոչելու անթույլատրելիությունը։ «Սույն Կանոնադրությունը հավասարապես կիրառվում է բոլոր անձանց նկատմամբ՝ առանց պաշտոնեական դիրքով պայմանավորված տարբերակման: Մասնավորապես, պետության կամ կառավարության գլխի, կառավարության կամ պառլամենտի անդամի, ընտրված ներկայացուցչի կամ կառավարության պաշտոնատար անձի պաշտոնեական դիրքը ոչ մի դեպքում անձին չի ազատում սույն Կանոնադրության համաձայն քրեական պատասխանատվությունից և ինքնին դատավճռի մեղմացման հիմք չի հանդիսանում: Ազգային կամ միջազգային իրավունքով նախատեսված անձեռնմխելիությունը կամ դատավարական հատուկ նորմերը, որոնք կարող են կապված լինել անձի պաշտոնեական դիրքի հետ, չպետք է խոչընդոտեն Դատարանին այդ անձանց նկատմամբ իրականացնելու իր իրավազորությունը:  

Կանոնադրության 28-րդ հոդվածը  (ի լրումն սույն Կանոնադրությամբ նախատեսված Դատարանին ընդդատյա հանցագործությունների համար քրեական պատասխանատվության այլ հիմքերի) սահմանում է  մասնավորապես հրամանատարների և մյուս պետերի պատասխանատվությունը։  Ըստ այդմ՝ զինվորական հրամանատարը կամ որպես զինվորական հրամանատար արդյունավետ գործող անձը ենթակա է քրեական պատասխանատվության Դատարանին ընդդատյա այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են իր արդյունավետ հրամանատարության և վերահսկողության կամ, նայած հանգամանքներին, իր արդյունավետ իշխանության և վերահսկողության ներքո գտնվող ուժերի կողմից՝ այդ ուժերի նկատմամբ իր ոչ պատշաճ վերահսկողության պատճառով, եթե. 
  1. Այդ զինվորական հրամանատարը կամ այդ անձը կամ տեղյակ էր, կամ տվյալ պահին առկա հանգամանքներից ելնելով  պարտավոր էր տեղյակ լինելու, որ այդ ուժերը կատարում էին կամ պատրաստվում էին կատարել նման հանցագործություններ։ Եվ. 
  2. Այդ զինվորական հրամանատարը կամ այդ անձն իր լիազորությունների սահմաններում չի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և խելամիտ միջոցները՝ դրանց կատարումը կանխելու կամ խափանելու, կամ հետաքննություն և քրեական հետապնդում իրականացնելու նպատակով տվյալ հարցը իրավասու մարմիններին փոխանցելու համար։ 
Կիրառելի պատժամիջոցներ 

Կանոնադրության 77-րդ հոդվածը սահմանում է  Դատարանի կողմից  կիրառելի պատժամիջոցների ցանկը։  Ըստ այդմ՝ Դատարանը կարող է սույն Կանոնադրության 5-րդ հոդվածում նշված հանցագործության համար  մեղավոր ճանաչված անձի նկատմամբ կիրառել հետևյալ պատժամիջոցներից որևէ մեկը՝ կամ  ազատազրկում որոշակի ժամկետով, որը չի կարող գերազանցել 30 տարին, կամ ցմահ ազատազրկում, եթե այն արդարացված է հանցագործության ծայրահեղ դաժան բնույթով և մեղավոր ճանաչված անձի անձնական հատկանիշներով:  Ի լրումն ազատազրկման՝ Դատարանը կարող է նշանակել նաև՝ ա. տուգանք՝ Ընթացակարգի և ապացուցման կանոններով նախատեսված չափանիշներին համապատասխան, բ. ուղղակիորեն կամ անուղղակիորեն այդ հանցագործության արդյունքում ստացված եկամուտների, գույքի և ակտիվների բռնագրավում՝ առանց երրորդ կողմի bona fide իրավունքներին վնաս պատճառելու:

Պատժի սահմանումը 


Պատիժը սահմանելիս, համաձայն 78-րդ հոդվածի,  Դատարանը, ընթացակարգի և ապացուցման կանոնների համաձայն, հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են հանցանքի ծանրությունը և մեղավոր ճանաչված անձի անձնական հատկանիշները:  Ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս Դատարանն ազատազրկման ժամկետի մեջ հաշվակցում է Դատարանի կարգադրության հիման վրա նախնական կալանքի տակ պահելու ժամկետը, եթե նման ժամկետ առկա է: Դատարանը կարող է հաշվակցել հանցագործության հիմքը կազմող արարքի կապակցությամբ ցանկացած այլ կերպ կալանքի տակ գտնվելու ժամկետը:  Եթե անձը դատապարտվում է մեկից ավելի հանցագործությունների համար, ապա Դատարանը նշանակում է պատիժ՝ յուրաքանչյուր հանցագործության համար, և ընդհանուր պատիժ՝ նշելով ազատազրկման ողջ ժամկետը: Վերջինս չպետք է լինի ավելի պակաս, քան մեկ հանցագործության համար նշանակված ամենախիստ պատժաժամկետը, և չպետք է գերազանցի 30 տարին կամ ցմահ ազատազրկումը:

Հեղինե Մանուկյան