Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞ւ դատախազությունը չառարկեց, որ «Մարտի 1-ի» գործի կարճման դեմ բողոքը 15 օր անհիմն հետաձգվի ու քննվի միայն ընտրություններից հետո

Ինչո՞ւ դատախազությունը չառարկեց, որ «Մարտի 1-ի» գործի կարճման դեմ բողոքը 15 օր անհիմն հետաձգվի ու քննվի միայն ընտրություններից հետո
Իրավունք
18:52, 03 июнь 2021
Մայիսի 31-ին Վերաքննիչ քրեական դատարանը նիստ էր գումարել՝ քննելու «Մարտի 1»-ի գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը։

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը չէր ներակայցել նիստին՝ մայիսի 24-ից արձակուրդում գտնվելու պատճառաբանությամբ և խնդրել էր նիստը հետաձգել և վերանշանակել հունիսի 9-ից հետո։

Վերաքննիչ դատարանի նախագահ Նարինե Հովակիմյանը, մինչդեռ, հաջորդ նիստը նշանակեց հունիսի 24-ին՝ նշելով, թե դատարանը զբաղվածություն ունի։ Ասել է թե, Մարտի 1-ի գործի կարճման դեմ բողոքի քննությունը անհիմն հետաձգվեց 15 օրով՝ նշանակվելով խորհրդարանի ընտրությունից հետո։ Զարմանալին այն էր, որ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը որևէ կերպ չառարկեց նիստի անհիմն հետաձգմանը, ավելին՝ նշեց, որ հունիսի 24-ը հարմար օր է իր համար։ 

Civic.am-ը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ դատախազության կողմից այդ մասով առարկություն չի ներկայացվել դատարան՝ ինչին ի պատասխան Գոռ Աբրահամյանը նախ նշեց, որ դատախազին չի հանդիպել այդ հարցը քննարկելու համար, այնուհետև հավելեց․ «Դատախազը կարող է կարծիք հայտնել նիստի օրվա նշանակման հետ կապված, բայց դա այն հարցն է, որ դատարանի իրավասության դաշտում է գտնվում, դատարանն ինքն է որոշում, երբ նշանակի նիստի օրը՝ իր ծանրաբեռնվածությունից ելնելով»։

Նշենք, որ մեր հարցը ոչ թե դատարանի իրավասության, այլ դատախազի պահվածքի մասին էր, որը փաստացի համաձայնություն տվեց, որ դատարանը հավելյալ 15 օր անհիմն ձգի Մարտի 1-ի գործի կարճման բողոքի քննությունը։ 

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթը կարճելու և նրանց արդարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։