Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես քայլ չեմ արել դեպի պատգամավորը, Սահակյանն ինքն է մոտեցել ինձ, առանց որևէ բան ասելու հարվածել. ԱԺ-ում դաշնակցական պատգամավորի կողմից Վարդանյանին հարվածելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Այսօր Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ընդդիմության հրավիրած փակ քննարկման ընթացքում, որին ներկա է եղել նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը միջադեպ է տեղի ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր դաշնակցական Մհեր Սահակյանի մասնակցությամբ։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ ինքը ներկա չի եղել քննարկմանը, իր տեղեկություններով Վլադիմիր Վարդանյանը նկատողություն է արել ընդդիմադիր պատգամավորին, որից հետո վերջինս բարձրացել է իր տեղից, մոտեցել Վարդանյանին և հարվածել վերջինիս։ 

Ընդդիմությունը մի փոքր այլ կերպ է ներկայացնում իրավիճակը։ Ըստ Սեյրան Օհանյանի, միջադեպը հրահրել է Վլադիմիր Վարդանյանը։  Վահագն Ալեքսանյանը սա սուտ որակեց։ Ըստ Սեյրան Օհանյանի՝ կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթվել է, որից հետո ժամանել են ոստիկանները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ի պատասխան Սեյրան Օհանյանի, ասաց, որ իրենք հանցագործությունների շուրջ համաձայնության չեն գալիս։

Մինչ ոստիկանների ժամանելը Վլադիմիր Վարդանյանն ինքն է փորձել գտնել Մհեր Սահակյանին, ով իրեն հարվածելուց հետո փախել է հանձնաժողովի նիստերի դահլիճից, սակայն Սահակյանին առաջինը գտել, ապա ձերբակալել են իրավապահները։

Սահակյանին տեղափոխել են Արաբկիրի ոստիկանության բաժին։ Նրա պաշտպանությունը ստանձնել է Ռուբեն Մելիքյանը, ով պատգամավորի անունից հայտարարություն է տարածել նշելով՝ Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ Մհեր Սահակյանը խոսքով արձագանքել է այդ վարքագծին։ Այնուհետև ՔՊ-ական նույն պատգամավորը նստած տեղից կանգնել է ու քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ։ Հաշվի առնելով ԱԺ ՔՊ-ական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձևով ֆիզիկական ուժ կիրառելու, նրանց վրա անպատիժ ձևով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ և ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված։ Հարվածի արդյունքում վտանգը չեզոքացվել է։

Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հերքեց Մելիքյանի հայտարարությունը նշելով՝ ինքը չի շարժվել դեպի Սահակյանը, հորդորել է վերադառնալ քննարկման օրակարգին, ինչից հետո դաշնակցական պատգամավորը մոտեցել է իրեն և հարվածել։

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն Վլադիմիր Վարդանյանը վարույթի շրջանակում ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք, անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվում նաև ձերբակալված Մհեր Սահակյանի հետ։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան