Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քրգործը կա՛մ պատվիրել են, կա՛մ դատախազության աշխատակիցը արջի ծառայություն է մատուցում»․ Մեղրիի համայնքապետ

«Քրգործը կա՛մ պատվիրել են, կա՛մ դատախազության աշխատակիցը արջի ծառայություն է մատուցում»․ Մեղրիի համայնքապետ
Իրավունք
14:29, 19 февраль 2021
«Մեղադրանքն ինձ համար անհասկանալի է․ ամբողջությամբ համարում եմ անհիմն, ապօրինի եւ հետամուտ ենք լինելու, որ ներողություն խնդրեն։ Միջնորդությամբ դիմել ենք, որ գոնե հասկանանք մեղադրանքի էությունը, ես, ճիշտն ասած,  այդպես էլ չհասկացա, թե ինչում են մեղադրում»,-  Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ ասաց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

Civic.am-ի հարցին, թե ինչպե՞ս է ինքը վերաբերվում մեղադրանքին, համայնքապետն ասաց․ «Քրեական գործը կա՛մ պատվիրել են, կա՛մ դատախազության աշխատակիցը՝ Բիսարյան ազգանունով, արջի ծառայություն է մատուցում, ցանկանում ինչ-որ տեղ համակարգում իր աշխատանքը ցույց տալ։ Կամ էլ իրավական անգրագիտություն է»։

Նրա խոսքով՝ մինչեւ իր ընտրվելը նախկին քաղաքապետը քաղաքացու հետ պայմանագիր է կնքել, տարածքը վարձով տվել տարեկան 16.000 դրամով, եւ իր ընտրվելուց հետո հարեւանությամբ նույնանման հողատարածքներ են տրամադրել  կապի օպերատորների՝ 300.000 դրամով։

«Այսինքն՝ գործող տրամաբանական գինը այդքան է, որից հետո ես այդ քաղաքացու հետ վերակնքել եմ պայմանագիրը՝ 16.000-ի փոխարեն 300.000 դրամ, հիմա պահանջ են դրել, թե ինչու՞ 600.000 չէ։ Սա աբսուրդ է, ասում են՝ պետք է ընդհանրապես լուծարեիք պայմանագիրը, քանի որ իրավունք չկար, բայց այդ դեպքում համայնքը ընդհանրապես եկամուտ չէր ստանա եւ ինձ մեղադրում են, որ համայնքը քիչ եկամուտ է ստացել»,-  ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետարանում համայնքին պատանող հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության հանձնման գործընթացներում թույլ տրված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին։