Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանն այսօր կքննի Պատրոն Դավոյի կալանքի դեմ բողոքը․ նա հայտարարություն է տարածել

Դատարանն այսօր կքննի Պատրոն Դավոյի կալանքի դեմ բողոքը․ նա հայտարարություն է տարածել
Իրավունք
14:49, 19 февраль 2021
Իմ և իմ հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրականացվում է անհիմն քրեական հետապնդում, և մեզ ազատությունից ակնհայտ ապօրինի կարգով զրկել են։ Իրականությունը ակնհայտ խեղաթյուրվում է և այդպես ներկայացվում հանրությանը։

Այս տողերով հայտարարություն է տարածել Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), որն անցնում է ՀՀ-ին անորակ կրակոցներ մատակարարելու մասին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Առաջին ատյանի դատարանը ենթարկվել է այս մանիպուլյացիաներին, ինչը ուղղակի արտացոլվել է կայացրած որոշումների տեքստում։ Նախաքննությանը և դատարանին ներկայացվել են անհերքելի ապացույցներ, որ մատակարարվել է պայմանագրով սահմանված կրակոցներ, որևէ բնութագիր չի թաքցվել, ավելին՝ մինչև ընդունելը և վճարելը՝ այդ կրակոցները սահմանված կարգով անցել են փորձարկումներ։

Ինձ ապօրինի ազատությունից զրկելուց հետո տեղի ունեցած իրադարձությունները և տարբեր անձանց կողմից դրանց հրապարակային մեկնաբանությունները վերլուծելով՝ հանգում եմ հետևյալ եզրակացության.

. Բոլորի համար ակնհայտ է, որ պատերազմում պարտության համար մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատժվեն։ Օգտվելով նման հնարավորությունից՝ շահագրգիռ անձինք անմնացորդ նվիրվել են ինձ մեղավորների թոփ հնգյակում տեղավորելու իրենց բաղձալի երազանքների իրականացմանը։ Մի գուցե ես այս պահին հանդիսանում եմ ամենահարմար թեկնածուն՝ հաշվի առնելով իմ գործունեության բնույթը։

. Պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարությանը շրջանցելու եղանակով մատակարարումների վերաբերյալ վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները ինձ հիմք են տալիս ենթադրել, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը հավանաբար հովանավորվում կամ պատվիրվում է այն մարդկանց կողմից, ովքեր պատերազմի ընթացքում չնայած բոլոր փորձերին՝ չեն կարողացել ՊՆ-ին ակնհայտ բարձր գներով և անհայտ կասկածելի եղանակներով մատակարարումներ իրականացնելու եղանակով միլիոնավոր դոլարներ աշխատել։

. Հենց այդ մարդիկ, տարբեր լրատվական միջոցներով տեղեկությունները ակնհայտ խեղաթյուրելով և իրականությունը մանիպուլացնելով, փորձում են նաև ստեղծել հանրային տրամադրություններ՝ կապված ՊՆ-ի և դրա մատակարարների հետ։

Հիշեցնում ենք, որ այսօր՝ ժամը 16։00-ին, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը քննելու է Դավիթ Գալստյանի պաշտպանների բողոքը՝ կապված վերջինիս կալանավորման հետ»։

ԱԱԾ-ն պարզել է, որ արտերկրում գրանցված ընկերության (խոսքը Mosston Engineering ընկերության մասին է,-խմբ.) խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ:

Այնուհետև օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից՝ Ա. Բ.-ն և Դավիթ Գալստյանը պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն խաբեության եղանակով, թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են:

«Մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է  առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը»,- ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:

Նա անցնում է Ազգային անվտանգության ծառայությունում քննվող չորս քրեական գործերով, որոնք վերաբերում են նրան պատկանող ընկերությունների կողմից մատակարարումներին:

Հրապարակման մեջ ներկայացնում ենք միայն ԱԱԾ հաղորդագրությունը, քանի որ Գալստյանի պաշտպան Մհեր Հակոբյանը, մեր լրատվամիջոցով պայմանավորված, չցանկացավ պատասխանել հարցերին: