Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդան Ղուկասյանը (Դոգ) 110 հազար դոլար էր պահանջել Տիգրան Արզաքանցյանից՝ նրան և կնոջը չվարկաբեկելու դիմաց

Վարդան Ղուկասյանը (Դոգ) 110 հազար դոլար էր պահանջել Տիգրան Արզաքանցյանից՝ նրան և կնոջը չվարկաբեկելու դիմաց
Իրավունք
19:12, 17 апрель 2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ձերբակալվել է «Հանրային ձայն» կուսակցության համանախագահ Արտակ Գալստյանը։ Ավելի ուշ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով առանձնապես խոշոր չափերով՝ 110 հազար ԱՄՆ դոլար շորթում կատարելու դեպքերի բացահայտման վերաբերյալ։

Ըստ այդմ, կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տ. Ա.-ից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։

Ըստ մեղադրանքի՝ 2022թ. մարտի 23-ին Արտակ Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տ. Ա.-ի հետ և պահանջել 53 միլիոն 806 հազար 500 ՀՀ դրամին համարժեք 110 հազար ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վարդան Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ. Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վարդան Ղուկասյանն իր youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։

Civic.am-ի տեղեկություններով ՔԿ հաղորդագրության մեջ նշված Տ. Ա.-ն  «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն է: