Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գազպրոմ Արմենիան» աշխատակիցներին ստիպում է քվեարկել Քոչարյանի օգտի՞ն․ ահազանգ

«Գազպրոմ Արմենիան» աշխատակիցներին ստիպում է քվեարկել Քոչարյանի օգտի՞ն․ ահազանգ
Իրավունք
14:25, 08 июнь 2021
Այսօր Civic.am-ը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիրի մարզի Ծաղկունք  համայնքում գործող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի  ղեկավարությունը ստիպում է իր աշխատակիցներին  քվեարկել Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի օգտին՝ սպասվելիք խորհրդարանական ընտրություններում։

«Մարդիկ վախեցած են, ու շատերը միամտաբար ասում են, թե քվեարկելու են, որ գործից չհանեն։ Երբ բացատրում ես, որ իրենք չեն կարող իմանալ, թե դու ում ընտրեցիր, ասում են, որ իրենք ամեն ինչ իմանալու են», -  պատմեց Civic.am-ին ահազանգ հնչեցրած քաղաքացին՝ շեշտելով, որ աշխատակիցներին ստիպում և ազատելու սպառնալիքներ է հնչեցնում ։

Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արմավիրի մարզի այս մասնաճյուղում տնօրեն է Սաշա Մկրտչյանը, ով մեր տեղեկություններով, նախկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ընկերն է․ Սաշիկ Մկրտչյանը նաև Ծաղկունք գյուղի բնակիչ  է։

Սաշիկ Մկրտչյանի հետ խոսել չհաջողվեց, Գազպրոմի Արմավիրի մասնաճյուղ մեր զանգերին ի պատասխան ասացին, թե նա տեղում չէ։  

Civic.am-ը կապ հաստատեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատուի հետ, ով, այս տեղեկությունը մեկնաբանելիս, հայտարարեց, թե նման տեղեկության չեն տիրապետում և, որ ընկերությունն ապաքաղաքական կառույց է, այն քաղաքականությամբ չի զբաղվում։

Դատախազությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ նման ահազանգ դեռ չունեն՝ խնդրելով տեղեկությունն իրենց փոխանցել։