Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ապօրինություն՝ Ավան և Նոր Նորք քննչական բաժնի պետի անչափահաս երեխայի գործով»․ մանկական սրտաբանի փաստաբանն ահազանգում է

«Ապօրինություն՝ Ավան և Նոր Նորք քննչական բաժնի պետի անչափահաս երեխայի գործով»․ մանկական սրտաբանի փաստաբանն ահազանգում է
Իրավունք
14:45, 08 июнь 2021
Մանկական սրտաբան Կարեն Կուրդովի գործն ուղարկվել է դատարան։ Նշենք, որ մանկական սրտաբանը մեղադրվում է 4-ամյա անչափահաս տղային ենթադրյալ ապտակ հասցնելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով։ 

Հիշեցնենք, որ 4-ամյա երեխայի մայրը Մանե Ռաֆայելյանը դեռևս մարտի 18-ին ֆեյսբուքի իր էջում գրառեց, որ «Նորք Մարաշ» ԲԿ-ում սրտաբան Կարեն Կուրդովը ծեծի է ենթարկել իր երեխային, երբ այցելել էին սրտի հետազոտություն անցնելու։ Երեխայի մայրը իր գրառումը հարապարկել էր նաև իր ամուսնու՝ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի ֆեյսբուքի էջում։ 

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 4-ամյա փոքրիկն ի ծնե ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիր, 2021թ. մարտի 17-ին ծնողները տարել են «Նորք Մարաշ» ԲԿ մանկական սրտաբանական կլինիկա՝ բժիշկ-սրտաբանի մոտ հետազոտության․ «Նշված օրը երեխան անհանգիստ է եղել և կենտրոնում չի ենթարկվել բժշկին ու մորը: Բժիշկը, երեխային հանդարտացնելու և հանգստացնելու նպատակով, դիտավորությամբ ապտակել է նրան՝ պատճառելով առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս՝ դեմքի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդի, քերծվածքի, փակ գանգուղեղային վնասվածքի ձևով․․․»։ 

Մեզ հետ զրույցում մանկական սրտաբան Կարեն Կուրդովը մեղադրանքն անհեթեթություն էր համարել։ Բժշկի խոսքով՝ երեխան 2-3 տարի առաջ է բժշկի հսկողության տակ գտնվել, այնուհետև ախտորոշվել է «առողջ սիրտ» և երեխայի ծնողներն իր մոտ տարել էին երկրորդ կարծիք լսելու համար, այսինքն հաստատելու կամ հերքելու՝ «առողջ սիրտ» ախտորոշումը։

Կարեն Կուրդովի փաստաբան Արման Թամրազյանն էլ նշել էր, որ դատաբժշկի կողմից տրված եզրակացությունը հիմնավոր չէ և կասկած է հարուցում՝ այդ իսկ պատճառով միջնորդություն են ներկայացրել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Փաստաբանի խոսքով՝ այն բժշկական կենտրոնը, որտեղից տրվել է տեղեկանքը՝ ըստ որի երեխայի մոտ ուղեղի ցնցում է ախտորոշվել՝ նյարդաբանի անուն ազգանունը նշված չէ տեղեկանքում․ «Առհասարակ, այդ պատասխանը եզրակացությանը կցված չէ, սակայն դատաբժիշկը դա է հիմք վերցրել։ Անհասկանալի է, թե այդ նյարդաբանը այդ եզրահանգման գալիս ի՞նչ հետազոտությունների վրա է հիմնվել»,- ասել էր նա։

Civic.am-ը կապ հաստատեց Կարեն Կուրդովի փաստաբան Արման Թամրազյանի հետ՝ ճշտելու արդյո՞ք քննիչի կողմից բավարարվել է կրկնակի դատաբժշկական եզրակացություն նշանակելու մասին իրենց միջնորդությունը։ Ի պատասխան մեր հարցադրման փաստաբանն ընդգծեց, որ ապօրինություններ են տեղի ունեցել․ «Մեր միջնորդությունը քննիչը հետին ամսաթվով մերժել է, իհարկե անհիմն, գործն ուղարկել է դատախազություն։ Դատախազը պարտավոր էր սպասել երկու օր, որպեսզի մենք քննիչի մերժման որոշումն ստանանք ու հնարավորություն ունենանք իրեն բողոք տանենք, բայց դատախազը չի սպասել՝ գործն ուղարկել է դատարան և մեզ զրկել է քննիչի որոշումը բողոքարկելու իրավունքից ու հնարավորությունից։ Իրենք չեն վարանել ապօրինություն անել, որ այս փուլում մենք հնարավորություն չունենանք այդ կրկնակի փորձաքննությանը հասնել, այդ եղանակով գործն ապօրինի՝ այսպես ասած կացինով կտրել են՝ ուղարկել դատարան։ Այդ իրավունքի խախտումներին դատաքննության ընթացքում արդեն կանդրադառնանք»։

Ըստ դատական տեղեկատվական համակարգի տվյալների՝ Կարեն Կուրդովի գործը դատարան է մուտք եղել մայիսի 24-ին և մակագրվել է դատավոր Գագիկ Պողոսյանին։ Փաստաբան Արման Թամրազյանը նշեց, որ դեռևս չեն ստացել դատական նիստ նշանակելու մասին ծանուցումը։ 

Հիշեցնենք նաև, որ փաստաբանի խոսքով մանկական սրտաբան Կարեն Կուրդովը նախաքննության փուլում ցուցմունք չի տվել, իսկ ոստիկանությունում բացատրություն է տվել այն մասին, որ որպես պապիկ թեթև ապտակ է հասցրել երեխային։ 

Ինչ վերաբերում է երեխայի ծնողների տված ցուցմունքին՝ Արման Թամրազյանն ընդգծել էր, որ 4-ամյա երեխայի ծնողները հայտարարության մեջ նախ նշել են, որ ծեծի է ենթարկել բժիշկը, բայց հետագայում գրել են, որ մեկ հարված է հասցվել երեխային։ 

Նարա Մարտիրոսյան