Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պողոս Պողոսյանի սպանության գործը՝ կարճման վտանգի առա՞ջ. ըստ դատախազության՝ «դատարանն է որոշելու»

Պողոս Պողոսյանի սպանության գործը՝ կարճման վտանգի առա՞ջ. ըստ դատախազության՝ «դատարանն է որոշելու»
Իրավունք
18:55, 19 февраль 2021
Այսօր Երևանի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում վերաբացվեց տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետի կողմից Պողոս Պողոսյանի սպանության գործով դատաքննությունը, որը սակայն հետաձգվեց մեղադրյալի պաշտպանների միջնորդությամբ։

Դատական նիստի հետաձգումից հետո զրուցեցինք Պողոս Պողոսյանի իրավահաջորդի փաստաբան Հարություն Բաղդասարյանի հետ, ով նախորոք հայտարարել էր, որ եթե գործի քննությունը շարունակվելու է նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով, ապա շատ հավանական է, որ պաշտպանության կողմը հայցի վաղեմություն կիրառելու հարց բարձրացնի։ Այսինքն՝ միջնորդի, որ վաղեմության հիմքով գործի քննությունը կարճվի։ Մեր հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք դատախազությունը միջնորդություն ներկայացնել մեղադրական եզրակացությունը փոխելու պահանջով, պաշտպանն ասաց, որ տեղյակ չի դատախազության անելիքների մասին, սակայն կարծում է, որ դա կարվի դատաքննության ընթացքում։

Այս հարցով Civic.am-ը մեկնաբանություն խնդրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից, ով ասաց, որ պայմանավորված երևան եկած նոր հանգամանքներով՝ գործը Վճռաբեկ դատարանից ուղղարկվել է Առաջին ատյանի դատարան, և այն ապացույցները, որոնք այդ վարույթի ընթացքում ձեռք են բերվել և ներառվել գործի մեջ, վկայում են, որ ենթադրենք տեղի է ունեցել ոչ թե անզգույշ սպանություն, այլ դիտավորությամբ կատարված սպանություն, համապատասխան դրա դատարանը իր որոշումը կկայացնի։ Քննությունը կիրականացվի, և դրա արդյունքում պարզ կդառնա։

Ճշտող հարցին, թե ռիսկ կա արդյո՞ք, որ գործը կկարճվի, ինչպես նշել էր տուժողի իրավահաջորդի պաշտպանը, Աբրահամյանը նշեց․ «Դա դատարանի որոշելու հարցն է։ Դատախազությունը իր դիրքորոշումը՝ կախված պաշտպանական կողմի միջնորդություններից, կներկայացնի։ Դատախազությունը իր իրավասությունների սահմաններում միջնորդությունների քննարկումների ժամանակ իր դիրքորոշումները կարտահայտի, դատարանն էլ երկու կողմերի դիրքորոշումները գնահատելով  համապատասխան որոշում կկայացնի։ Դրա վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել ես»։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ «Առագաստ» սրճարանում Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետի կողմից Պողոս Պողոսյանին սպանելու գործով, երևան եկած նոր հանգամանքներով պայմանավորված, գործը վերաբացվել է և կրկին ուղղարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ քննության։

Վովա Հակոբյան