Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի համար. ՄԻՊ

ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի համար. ՄԻՊ
Իրավունք
22:16, 10 июнь 2021
2021 թվականի հունիսի 10-ին (այսօր)` ժամը 16:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Կրակոցները դադարել են միայն ժամը 19:30-ի սահմաններում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ ահազանգեր է ստացել նշված գյուղերից, և դրանք ստուգմամբ հաստատվել են:

Անգամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ գյուղերի բնակիչների ահազանգերի ընթացքում լսվել են կրակոցներ:
Կրակոցները գյուղերում եղել են պարզ լսելի: Առավել ուժգին լսելի են եղել Կութ և Վերին Շորժա գյուղերի արոտավայրերում (սարատեղիներ):

ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, ֆիզիկական անվտանգության, խաղաղ կյանքի և այլ կենսական իրավունքների համար:

Ակնհայտ է, որ ադրբեջանական կրակոցները, ՀՀ սահմանային բնակիչների կենդանիների գողությունները  սոցիալական, այդ թվում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը: Պետք է հաշվի առնել նաև ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքները, հովիվներին քաշքշելը, խփելը, հայհոյանքը և այլն:
Սյս բոլոր դեպքերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի հավաքած ապացույցներով:

Ադրբեջանական այսօրվա կրակոցների փաստը հաստատել է նաև ՀՀ ՊՆ-ն: Դրանք դադարել են միայն
ՀՀ զինված ուժերի կրակից հետո:

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Գեղարքունիքի և Սյունիքի կողմից:
Նշված արարքները պետք է դիտարկել միասնական հանցավոր դիտավորության մեջ:

ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:

Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերը խաթարում են մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անվտանգությունը և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները:

Ծանուցում` սարատեղի անվանում են այն վայրերը, որտեղ սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են քաղաքացիական բնակիչներ (նաև ընտանիքներով) և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին: