Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ապացուցիր, որ տղամարդ ես». Զոհվածների որոշ ծնողներ փորձում են սեքսիստական հայտարարություններով ճնշում գործադրել Աշոտ Փաշինյանի առևանգման գործը քննող դատավորի վրա

«Ապացուցիր, որ տղամարդ ես». Զոհվածների որոշ ծնողներ փորձում են սեքսիստական հայտարարություններով ճնշում գործադրել Աշոտ Փաշինյանի առևանգման գործը քննող դատավորի վրա
Իրավունք
13:20, 19 май 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի միջադեպի գործով ձերբակալված Գայանե Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ առևանգումը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։  

Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, իսկ պաշտպանական կողմը Հակոբյանի ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել դատարան։ Այսօր, ժամը 13։00-ին, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, կսկսվի ձերբակալման դեմ բողոքի և կալանավորման միջնորդության քննությունը, որը քննվում է դեռ երեկ գիշերվանից։

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը, որում ներառված են մի խումբ ծնողներ, ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել՝ տեղադրելով դատավոր Ժորա Չիչոյանի լուսանկարը ու գրել. «Հարգելի դատավոր, քեզ են դիմում մի խումբ հերոսների ընտանիքներ, ու ասեմ, որ մենք շա՜տ-շատ ենք… ցույց տուր, որ դեռ հայի գենը չի մեռել, ցույց տուր ու ապացուցիր, որ տղամարդ ես»,- նշված է հայտարարության մեջ։ Բացի դրանից, անդրադարձ է կատարվել նաև դատավորի՝ բանակում չծառայելուն. «Ի, դեպ տվյալ դատավորը բանակում չի ծառայել, դեռ մեզ անհայտ հանգամանքներով»։

Այս հայտարարությունը դատավորի նկարով տարածում են նաև մի շարք լրատվականներ։ Այս կերպ փորձ է արվում ճնշում գործադրել դատավորի կողմից կայացվելիք որոշման վրա։ Բացի դրանից, Աշոտ Փաշինյանի և դատավորի հասցեին հնչող արդեն որերորդ հայտարարության մեջ շեշտվում է «տղամարդ չի», «եղիր տղամարդ», «ապացուցիր, որ տղամարդ ես» սեքսիստական, կարծրատիպային արտահայտություններ։ Այսօրինակ արտահայտություններով տղամարդուն վերագրվում են բարձր արժեքներ՝ ստորադասելով կանանց արժանապատվությունը։ Այլ կերպ ասած՝ եթե մարդը, իրենց կարծիքով, սխալ քայլեր է անում, ապա դա տղամարդավարի չէ, հետևաբար կանացի քայլ է։ Ասել է թե՝ կանանց դեպքում ընդունելի են սխալ և վատ քայլերը, կանայք հիմնականում սխալ և վատ քայլեր են անում, իսկ տղամարդուն դա հարիր չէ։ Ահա այսպիսի արժեհամակարգով մարդիկ փորձում են հասարակությանը ճիշտ ու սխալ հանել, որակել, դաստիարակել։   

Նկատենք, որ այս ծնողներից ոմանք պարբերաբար աչքի են ընկնում ոչ հավասարակշիռ վարքագծով և հնչեցնում են նույնաբովանդակ հայտարարություններ և ատելության խոսք՝ ուղղված ՀՀ իշխանության դեմ: Նաև հանդես են գալիս վրեժի կոչերով, սակայն ոչ թե թշնամու, այլ կրկին Հայաստանի իշխանության ներկայացուցիչների դեմ։ 

Իսկ անցյալ տարի մայիսին նրանցից Արթուր Գալեյանը, Գարիկ Գալեյանը, Գայանե Հակոբյանը (անձնագրային տվյալներով՝ Ազգուշ Մարտիրոսյան) և այլ անձինք մուտք էին գործել ՊՆ զորամասերից մեկի տարածք և բռնություն գործադրել տվյալ զորամասի գնդապետի նկատմամբ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ և հարվածել:

Տվյալ գնդապետն այդ ժամանակ նրանցից պահանջել էր դուրս գալ զորամասի տարածքից, սակայն վերջիններս անտեսել էին պահանջը։ Արթուր Գալեյանը ջրի պլաստմասե շշով հարվածել էր գնդապետի դեմքին, իսկ Գարիկ Գալեյանը և Ազգուշ Մարտիրոսյանը՝ նույն Գայանե Հակոբյանը, քաշքշել էին նրա համազգեստից:

Վովա Հակոբյան