Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քարոզչություն իրականացնողն է որոշում իր ելույթները». ԿԸՀ-ն մերժեց Զոհրաբյանի դիմումը` ՔՊ-ի ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին

«Քարոզչություն իրականացնողն է որոշում իր ելույթները». ԿԸՀ-ն մերժեց Զոհրաբյանի դիմումը` ՔՊ-ի ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին
Իրավունք
17:04, 13 июнь 2021
Փաստաբանների պալատի նախագահ, արտահերթ ընտրություններին մասնակցող «Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցության» նախագահ Արա Զոհրաբյանը դիմել էր ԿԸՀ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: 

Այսօր` հունիսի 13-ին, ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել Արա Զոհրաբյանի դիմումը:

Նշենք, որ «Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցության» նախագահ Արա Զոհրաբյանը իր դիմումում ընդգծել էր Փաշինյանի կողմից հնչեցված մի շարք արտահայտություններ, որոնք ըստ նրա բռնության ու ատելության կոչեր են` մասնավորապես. «Նրանց սաղին բռնելու եմ շինեմ», «Վենդետա է լինելու» և այլն» : 

Նա նաև տեսանյութեր էր ներկայացրել ԿԸՀ և միջնորդել որպես վկա հրավիրել Նիկոլ Փաշինյանին:

ԿԸՀ-ն ընդմիջեց Արա Զոհրաբյանի ներկայացրած սկավառակը դիտելու համար, որից հետո Տիգրան Մուկուչյանը նշեց, որ Արա Զոհրաբյանի ներկայացված սկավառակը ուսումնասիրեցին և հանգեցին այն եզրակացությանը, որ վկա կանչելու անհնրաժեշտություն չկա, որովհետև բոլոր փաստական հանգամանքերն առկա են և լրացուցիչ ցուցմունքի անհնրաժեշտություն չկա:

Տիգրան Մուկուչյանի խոսքով ԿԸՀ-ն կարող է դիմել դատարան` կուսակցության ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու համար, եթե նախընտրական քարոզչական կարգի խախտում կա և այն շարունակական բնույթ է կրում և կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների վրա, ինչպես նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ վերացնել խախտման հետևանքները: 

ԿԸՀ նախագահն անդրադառնալով Փաշինյանի կոչերին ու հայտարարություններին հավելեց, որ քարոզչություն իրականացնողն է որոշում իր ելույթները և Ընտրական օրենսգիրքը սահմանափակում չի նախատեսում: Ինչպես նաև դիմումատուն սահմանափակման խախտման վերաբերյալ տեղեկություններ չի ներկայացրել:

Տիգրան Մուկուչյանը նաև կոչ արեց թեկնածուներին ուշադիր լինել իրենց կոչերի և արտահայտությունների մեջ, որովհետև դրանք կարող են տարբեր ընկալումների տեղիք տալ: