Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գևորգ Կոստանյանի գործով փոփոխվեց հայցի հիմքն ու առարկան iravaban.net

Գևորգ Կոստանյանի գործով փոփոխվեց հայցի հիմքն ու առարկան iravaban.net
Իրավունք
18:16, 05 июнь 2023
Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մայիսի 8-ին, շարունակվեց հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նրա նախկին կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, Արման Գալստյանի, վերջինիս կնոջ՝ Թերեզա Գևորգյանի և նախկին Գլխավոր գլխավոր դատախազի եղբորորդու՝ Արա Կոստանյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստի սկզբում նախագահող դատավոր Լիլի Դրմեյանը հայտարարեց, որ դատարանը բավարարել է հայցի առարկայի և հիմքի փոփոխության վերաբերյալ հայցվորի ներկայացրած միջնորդությունը։

Այսպիսով, փոփոխություն կատարվեց հայցադիմումի մեջ և Թերեզա Գևորգյանի նկատմամբ նույնպես գույքային պահանջ ներկայացվեց, քանի որ  Ջրվեժում գտնվող անշարժ գույքը դարձել է Արման Գալստյանինը նրանց ամուսնության ընթացքում և համարվում է համատեղ սեփականություն։

Բավարարված միջնորդության պայմաններում դատավորը Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանին առաջարկեց հայցի հիմքը և առարկան կրկին ներկայացնել՝ յուրաքանչյուր գույքի բռնագանձման պահանջի մասով փաստական հիմքերը նշելով։

Այնուհետև նիստը հետաձգելու միջնորդությամբ հանդես եկավ Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը։ Փաստաբանը ժամանակ խնդրեց հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ պատասխան ներկայացնելու համար։

Դատավորը բավարարեց միջնորդությունը, նիստը հետաձգվեց։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է բռնագանձել. 

Երևանում գտնվող մեկ բնակարան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Ջրվեժ համայնքներում գտնվող երկու առանձնատուն, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է 327 մլն 200 հազար դրամ,

173 մլն 947 հազար 38 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ,

276 մլն 193 հազար 454 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: