Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածավանի միջադեպով հարուցված քրեական գործի հոդվածով կալանավորում նախատեսված չէ․ Սուրեն Թորոսյանն ազատ է արձակվել

Արագածավանի միջադեպով հարուցված քրեական գործի հոդվածով կալանավորում նախատեսված չէ․ Սուրեն Թորոսյանն ազատ է արձակվել
Իրավունք
15:37, 09 июнь 2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արագածավանի միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երեկ քրեական հետապնդում է հարուցվել Թալինի համայնքային կոմունալ ծառայության ՀՈԱԿ֊ի Արագածավան, Արտենի, Գետափ,Լուսակն բնակավայրերի կոմունալ ծառայությունների պատասխանատու Սուրեն Թորոսյանի նկատմամբ։ Նա ձերբակալվել էր, նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քննչական կոմիտեից Civic.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ այսօր Սուրեն Թորոսյանն ազատ է արձակվել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Ըստ Քննչական կոմիետի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով որպես խափանման միջոց կալանքը չի նախատեսվում։ «Եվ երկրորդ, իրականացվելու է համակողմանի, օբյեկտիվ քննություն՝ այդ թվում պատճառների առնչությամբ»,-հավելեց նա։

Հիշեցնենք նաև, որ գործով որպես տուժող ճանաչված 24-ամյա երիտասարդը, որին ընդդիմադիր մամուլը ներկայացնում էր որպես անչափահաս, լրագրողների հետ զրույցում երեկ բացահայտ ասել է, որ հարվածել և շատ վատ հայհոյանքներ է տվել Սուրեն Թորոսյանին, և որ իրենց վեճը սկսել է դեռևս վեց ամիս առաջ՝ ջրի թեմայով։ 

Այս առթիվ մեր հարցին ի պատասխան ՔԿ խոսնակն ասաց․ «Ինչ վերաբերում է երեկ հրապարակված տեսանյութում 24-ամյա անձի կողմից արված հայտարարություններին, դրանք ևս դարձվելու են քննության առարկա նույն քրեական վարույթի շրջանակներում»։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի ավելի տարածած հաղորդագրության՝ Քննչական կոմիտեից՝ 2023 թ. հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․ Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

2023 թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին: Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին: Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող։