Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչական դատարանը երկրորդ անգամ բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

Վարչական դատարանը երկրորդ անգամ բավարարել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
Իրավունք
12:11, 14 июнь 2021
Վարչական դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 8-ի որոշումը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին:

Դատական նիստը նախագահել է դատավոր Դանիել Դանիելյանը։

Ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի՝ ԿԸՀ-ից կբռնագանձվի 4000 դրամ՝ որպես հայց ներկայացնելու համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի հատուցում:

Ինչպես արդեն հայտնել էինք, օրեր առաջ Վարչական դատարանը դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ վճռել էր բավարարել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի մայիսի 31-ի 108-Ա որոշման մեջ նշվում է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով գրանցված է որպես ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պատգամավորի թեկնածու Կենտրանական ընտրական հանձնաժողովը գտել է, որ նրա հեղինակած գրքի պատկերով պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Քաղաքացի Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» պաստառները ճանաչել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող»։