Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանը խաբել է դատարանին․ դատական նիստի ժամին նա մարզային այց չի կատարել, բայց դատավոր Դանիբեկյանը սանկցիա չկիրառեց

Քոչարյանը խաբել է դատարանին․ դատական նիստի ժամին նա մարզային այց չի կատարել, բայց դատավոր Դանիբեկյանը սանկցիա չկիրառեց
Իրավունք
16:16, 15 июнь 2021
Այսօր 3 մլն դոլար կաշառքի գործով հերթական դատական նիստին  ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատարան։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, սանկցիա չկիրառեց նրանց նկատմամբ, ինչպես կվարվեր ցանկացած այլ դեպքում։ Պարզապես  տեղեկացրեց, որ Քոչարյանի պաշտպաններ՝ Հայկ Ալումյանից ստացվել է դիմում, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին, սակայն որևէ բժշկական փաստաթուղթ կցված չէ դիմումին։

Իսկ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանից ստացվել է դիմում, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ինքը, Ռոբերտ Քոչարյանը եւ Արմեն Գևորգյանը պետք է մասնակցեն միջոցառումների Արարատի մարզում եւ դրան կից Վարդեւանյանը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուների պատճեններ։ 

Դանիբեկյանը նշեց, որ Վարդեւանյանը ներկայացրել է փաստաթղթեր Արարատի մարզի մի շարք համայնքներում միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ, որոնք դիմումներ են  համայնքապետարաններ, սակայն նշեց, որ դիմումների ընթացքի վերաբերյալ որևէ փաստաթուղթ ներկայացված չէ։

Ակնհայտ է, սակայն, որ Քոչարյանն ու նրա դաշինքը այդ ժամին մարզային այցեր չեն կատարել։ Նա իր գրասենյակում հարցազրույց է տվել 2 ռուսական լրատվամիջոցի և հանդիպում է ունեցել Կարեն Կարապետյանի հետ։ 

Ասել է թե՝ ամբաստանյալները բացահայտ խաբել են դատարանին՝ առանց որևէ պատասխանատվության։ 

Պաշտպանության կողմի ներկայացուցիչների բացակայության պատճառներին անդրադառնալով՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ պաշտպանության կողմի նման վարքագիծը նորություն չէ իրենց համար։ Նրա խոսքով՝ նման վարքագիծն իրավաչափ չէ և դատարանը պետք է համապատասխան դատավարական միջոցներ գործադրի՝ նմանօրինակ վարքագիծը կանխելու, դատական նիստերն անհարկի չձգձգելու և դատական նիստերի բնականոն ընթացքով ապահովելու համար։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ այս դատական նիստը նախորդ դատական նիստերի շարունակությունն է։

«Թեև պաշտպանները, որոնք բացակայում են դատական նիստերից, կարողանում են դատական նիստերի դահլիճում ցուցաբերել ակնհայտ անթույլատրելի վարքագիծ և տեսախցիկների առաջ ներկայանալ որպես դատական նիստերի ընթացքն ապահովելու ջատագով այնպես, ինչպես՝ ոչ մեկը չէ, բայց այս դատական նիստին ներկայացված նրանց դիմումներն արդարադատության նկատմամբ անտարբերություն և վիրավորանք են արտահայտում։ Ի՞նչ է նշանակում՝ փաստաբանի օգնականի կողմից ներկայացված դիմում, այսինքն՝ խաբար է ուղարկել կամ ինչ է նշանակում՝ ես հիվանդ եմ և դատական նիստին չեմ գալիս»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ դատարան ներկայացված դիմումները վստահություն չեն ներշնչում։

Դատարանը հաջորդ նիստը նշանակեց ընտրություններից հետո՝ հունիսի 29-ին` նշելով, որ այդ ժամանակ պարզ կլինի, թե ամբաստանյալներն ինչ կարգավիճակ կունենան։

Հիշեցնենք, որ այս գործով Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով` Քոչարյանը 3 միլիոն դոլար, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար, կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։